2022 թվականի դեկտեմբերի 12-13-ին Երևանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանը նշել է, որ ֆորումին մասնակցելու են շատ հեղինակավոր, այս ասպարեզում խոսք ունեցող անհատներ: Լինելու է մոտ 250 մասնակից, 30 միջազգային հեղինակավոր բանախոսներ, գիտնականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ:
«Պատմությունից լավ գիտենք, որ միջազգային անվտանգության համակարգի փլուզումը մշտապես հանգեցնում է մարդկության դեմ հանցագործությունների և այլ զանգվածային վայրագությունների, և այս համատեքստում անցկացնել գիտաժողով և հրավիրել ցեղասպանության կանխարգելման գործում ներգրավված շրջանակների, ինքնին կարևոր է»,- ասաց փոխնախարարը։
Ըստ նրա՝ ցեղասպանության իրականացումը երբեք էլ դյուրին գործ չի եղել. այն պահանջել է երկարատև ցեղասպան գաղափարի քարոզ հասարակության տարբեր շերտերի մեջ, այն պահանջել է հսկայական ծավալի մարդկանց կազմակերպված սպանություն, և այդ տեսակետից ցեղասպանությունների էջը բացվում է 20-րդ դարից և Արևմտյան Հայաստանում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը առաջիններից է: