Մուհսին Օմաչը, ով այսօր 30 տարեկան է, ծնվել է հավատացյալ մահմեդականների ընտանիքում։ Ավարտել է Աստվածաբանության ֆակուլտետը և տարիներ շարունակ աշխատել որպես իմամ և կրոնի մշակույթի ուսուցիչ։ 20 տարեկանում նա սկսեց  թերահավատորեն վերաբերվել իսլամին և  24 տարեկանում փոխեց իր հավատքը: Օմաչն այլևս մահմեդական չէր, բայց չէր կարող փոխել իր սոցիալական կյանքը, քանի որ ուներ կրոնական մասնագիտություն:  Երկակի ու թաքուն կյանքով ապրող Օմաչը տարիներ շարունակ անհանգստությամբ ու վախով էր թաքցնում մոր հայկական ծագումը։ Այնուամենայնիվ,  այն դպրոցում, որտեղ դասավանդում էր, իմացան նրա հայ լինելը,  որից հետո Մուհսին Օմաչը սկսեց ենթարկվել հալածանքների, ինչպես նաև հետապնդում սկսվեց նրա հանդեպ՝ «թուրք ազգին վիրավորելու» հանցանքի համար՝ ճիշտ այնպես, ինչպես Հրանտ Դինքի դեպքում։ Օմաչը ստիպված էր փախչել իր տնից։  

Ահա մի մարդկային պատմություն, որը սկսվում է մեկ դար առաջ՝ աքսորից ու ցեղասպանությունից և ձգվում է մինչև 2022 թվականը:

Independent կայքի լրագրող Սեմա Քըզըլարսլանի հարցազրույցը Մուհսին Օմաչի հետ ներկայացնում ենք ստորև:

Մեր առաջին  զրույցը Մուհսին Օմաչի հետ հեռախոսով էր։ Զրույցի ընթացքում նա ասաց, որ շատ երկար է մտածել ինձ հետ այս հարցազրույցն անելու մասին և վերջապես համարձակություն է ունեցել պատմելու։ Հանդիպեցինք Նազըմ Հիքմեթ մշակութային կենտրոնում: Նրա դեմքին կարդացվում էր անհանգստությունը: Նա արդարացիորեն վախենում էր, որ իրեն կճանաչեն, կտեսնեն կամ կլսեն մեր զրույցը։ Նա նյարդային էր, բայց վճռական:

«Իմ պապը աքսորից և կոտորածից փրկված հազարավոր հայ երեխաներից մեկն էր»

Մուհսին Օմաչը Բաթման- Սասունից է: Նա սկսեց իր պատմությունը  այն տնից ու ընտանիքից,  որտեղ ծնվել էր. «Ահա և մեր պատմությունը. 100 տարի  առաջ աքսորից ու սպանդից սկսված պատմության վերջին երկու վերապրողները ես և քույրս ենք: Պապս մեկն էր այն հազարավոր հայ երեխաներից,  ովքեր 1915-ի կոտորածից և աքսորից ինչ-որ կերպ փրկվեցին: Նման բախտի արժանացածներին բառացիորեն անվանում են  «թրի մնացորդ»: 54 հոգանոց ընտանիքից ողջ են մնում պապս, իր, եղբայրը և երկու զարմիկները: Ընտանիքի բոլոր անդամները սպանվում են իրենց աչքի առաջ, նրանց չեն սպանում հավանաբար՝ երեխաներ լինելու պատճառով։ Ինչպես փրկված շատ «թրի մնացորդներ», նա էլ ստիպված է լինում ծանր աշխատանք կատարել:

Ծնողներից ժառանգած գյուղերը, անշարժ գույքը և ողջ ունեցվածքը բռնագրավվում են։ Չնայած երկար դիմադրությանը, նրանց թլպատում են և բռնությամբ մահմեդականացնում: Երբ  ընտանիքի ամենափոքրը՝ մայրս 1950-ականների վերջերին ծնվեց, ընտանիքը  ամբողջովին քրդացել էր, և հայկականությունից ոչինչ չէր մնացել։ Կես դարից էլ քիչ ժամանակում ոչնչացվել էր այն ամենը, ինչ կապված էր հայի ու քրիստոնեության հետ։ Չնայած իսլամացված ընտանիք լինելուն, նրանք երկար ժամանակ ենթարկվում են սպառնալիքների, բռնաճնշումների և հետապնդումների»:

«Եթե անգամ ինքներդ մոռանաք, որ հայ եք, հասարակությունն ու պետությունը չեն մոռանում»

Պատմելով, որ իր մայրը ամուսնացել է իր հոր հետ, ով քրդական ցեղախմբից էր, իսկ մորաքույրը՝ արաբական ցեղախմբից մեկի հետ, Օմաչն այսպես է շարունակում. «Այդ ամուսնությունները հակառակ էին իրենց կամքին, բայց նրանք երկուսն էլ ընդունում են իրենց ճակատագիրը, քանի որ գիտեին, որ դա Հակոբյան ընտանիքի կողմից կայացված որոշում էր՝ պաշտպանված լինելու համար: Մայրս մեզնից երկար տարիներ թաքցնում էր, որ հայ է։ Ի տարբերություն հորս մոլեռանդ հավատքին,  մայրս միշտ սառն էր վերաբերում իսլամին։ Մինչև իմ մահը հիշողությունիցս  չի ջնջվի այն օրը, երբ ինձ  բռնությամբ խլեցին նրան ձեռքից, որպեսզի թլպատեն, երբ ես երեխա էի»:

Անդրադառնալով  ավելի հասուն տարիներին, Օմաչն այսպես նկարագրեց. «Ես և քույրս իսլամական հոգևոր կրթություն ստացանք հորս խնդրանքով, իսկ ավելի ճիշտ՝ պարտադրանքով: Օրերից մի օր մեր բարեկամը մահացավ։ Այն ժամանակ շատ փոքր էի։ Ես մորս հետ մասնակցեցի թաղմանը՝ մենք եկանք եկեղեցու բակ, որտեղ մարդիկ, որոնց ես երբեք չէի հանդիպել, գրկախառնվել ու լաց էին լինում, կարծես տարիներ շարունակ իրար չէին տեսել։ Թեև ես երեխա էի, բայց զգում էի, որ այդ լացը հանգուցյալի համար չէ։ Շուտով նրանք դագաղով բերեցին գեղեցիկ զարդարված դիակը: Հոգևորականները երգում էին  քրիստոնեական շարականներ: Հոգեհանգստից հետո վերադարձանք տուն։ 

Չնայած ծնողներիս այս խառնամուսությանը, հորս կյանքը կարող եմ անվանել խիստ պահպանողական»։

«Քրիստոնեությունն արդեն ինձ ավելի հոգեհարազատ էր թվում»

Մուհսինը սկսում է խոսել իր համալսարանական տարիների մասին։ Առաջին հերթին մոր  պատմությունը ստիպեց նրան կասկածի տակ դնել իսլամը: Նա նաև պատմեց, թե ինչպես են մի քանի ընկերների հետ միասին քննարկել իսլամին վերաբերվող հարցեր, երբ սովորում էր Տիգրիս համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում: Մուհսինն ու իր ընկերներն այդ ժամանակ ստիպված էին հավատացյալ ձևանալ, նրանք երբեմն հավաքվում ու գինի էին խմում, որը հակասում է իսլամի օրենքներին:

 «Մորս ողբերգությանը ծանոթանալուց կարճ ժամանակ անց իսլամի և մուսուլմանների մասին իմ համոզմունքներն սկսեցին փլուզվել, բայց արդեն ուշ էր: Ես մի մզկիթի իմամն էի, իսկ քույրս դասավանդում էր կրոնական հաստատությունում: Մեր հոգին և մարմինը բաժանվեցին երկու մասի. մենք հայտնվել էինք անելանելի դրության մեջ»,-ասում է Օմաչը։

Համալսարանն ավարտելուց հետու Մուհսինն ամբողջությամբ հրաժարվում է իսլամից:

«Ես այլևս մուսուլման չէի, իմ  պրպտումներն ինձ հասցրին այդ կետին: Քրիստոնեությունն արդեն ինձ ավելի մոտ էր որպես հավատք: Սակայն ես ապահովում էի իմ եկամուտը կրոնական մասնագիտության միջոցով, որը ձեռք էի բերել տարիների ուսումնառության արդյունքում: Ես դեռևս 29 տարեկանում Ստամբուլում կրոնական մշակույթի ուսուցիչ էի աշխատում։ Ինչպես վերևում նշել էի՝ իմ «մեկ մարմնի, երկու հոգու» ցավերը շարունակվում էին… Եվ մի օր, այն դպրոցի տնօրենը, որտեղ աշխատում էի, իմ դեմ բողոք ներկայացրեց։ Ես դրան սպասում էի։ Նախկինում արդեն երկու անգամ բախվել էի  ոստիկանների սպառնալիքին՝ երկու տարբեր իրադարձությունների պատճառով։ Առաջին ոստիկանական սպառնալիքը ստացել եմ հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի հիշատակման օրը: Նմանատիպ իրավիճակ եմ ապրել ոստիկանական բաժանմունքում՝ մայիսմեկյան ցույցից հետո տուն վերադառնալիս:  Այդ ժամանակ ոչ մեկին չէի կարող պատմել այս մասին,  վախենում էի, քանի որ նախկինում իմամ էի, իսկ այդ պահին՝ կրոնի և մշակույթի ուսուցիչ»,-պատմում է նա և խոսքն այսպես շարունակում. «Ամենայն հավանականությամբ, այն դպրոցում, որտեղ ես աշխատում էի, իմ տնօրենն է հետևել ինձ։ Դրանից հետո սկսվեցին ճնշումներն ու հալածանքը։ Ինձ սպառնում էին նաև էլեկտրոնային փոստով: Իմ դեմ նույնիսկ մեղադրանքներ հնչեցին այն մասին, որ ես լրտես եմ»:

Օմաչն իր ընկերներին պատմել է մոր պատմությունը, ասել է, որ ինքը հայ է և  կրոնական հարցերին այլևս չի վերաբերվում այնպես, ինչպես նախկինում: Դրանից հետո Մուհսինի պատմությունը ականջից ականջ տարածվում է ու բոլորն իմանում են այդ մասին:

Մոտենալով մեր հարցազրույցի ավարտին, Մուհսինն ասաց, որ այժմ ինքը և քույրը Թուրքիայում չեն բնակվում։ Իմ հարցին՝  թե վերջին անգամ երբ է խոսել իր ուսանողների հետ, նա պատասխանեց. «Թուրքիայում մնացել են իմ կատուն և իմ ուսանողները:  Ուսանողներս ավելի ուշ իմացան իրավիճակի մասին և շատ տխրեցին: Նրանցից մեծ մասի հետ, այնուամենայնիվ շարունակվում է շփումը՝ կապի տարբեր միջոցներով։ Նրանք նույնքան ցնցված էին, որքան ես, բայց սա հենց կյանքն է: Ոչ ոք չգիտի, թե ում հետ ինչ կպատահի։ Ես հասել էի մի կետի, երբ ոչ միայն այլևս չէի կարողանա աշխատել, այլև կարող էի ենթարկվել բռնության, ծեծի կամ պարզապես դատապարտվել ազատազրկման: Այս ընթացքում ընկերներս տարբեր հեռախոսահամարներով կապվեցին ինձ հետ։ Նրանք նույնքան անհանգստացած էին, որքան ես։ Նրանք վախենում էին: Հիմա էլ դեռ վախենում են։ Երբ ի մի բերեցի այս բոլոր փորձությունները և մտածեցի դրանց հետևանքների մասին, որոշեցի չվերադառնալ Թուրքիա: Քրոջս էլ եմ հետս տարել»։