2022 թվականի նոյեմբերի 10-ին BBC news թղթակից Օլգա Իվշինան՝  դեպի Արցախ BBC լրատվական թիմի այցելությունից հետո,  հրապարակեց «Հաղթանակի ցուցադրություն․ ինչպես է ապրում Արցախը 2 տարի անց» ծավալուն հոդվածը, որտեղ հստակ նկարագրություններով ու մանրամասներով ներկայացված են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի գերեզմանատան, գյուղի դպրոցի և Սբ․ Աստվածածին եկեղեցու՝ ադրբեջանցիների ձեռքով կատարված ոչնչացումներն ու պղծման գործողությունները: Այս մասին հայտնում է monumentwatch.org կայքը։

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից վեց ամիս անց Caucasus Heritage Watch-ը, որը արբանյակային համակարգով Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում է իրականացնում, հրապարակել էր արբանյակային նկարներ, որոնք փաստում են  գերեզմանատան՝ ադրբեջանցիների կողմից ավերման մասին։ 

Monumentwatch.org կայքի արձագանքը այսպիսին է․ «Հարկ է հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է  ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի  համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»։