2022 թվականի նոյեմբերի 28-ին «Նյու Յորք թայմս» թերթը հրապարակել է լրագրող Կոնստանտ Մեհյոյի ցնցող հոդվածը՝ «Փարիզի թանգարանն ունի 18 հազար գանգ. դժվար է ասել, թե դրանք ումն են» վերնագրով։
Գանգերից հինգը պատկանում են Հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհերին։ Կոնստանտ Մեհյոն տեղեկացնում է, որ դրանք կանանց գանգեր էին, որոնք ֆրանսիացի նախապատմության մասնագետ Էմանուել Պասեմարը հավաքել էր Սիրիայում իր հետազոտությունների ժամանակ 1925-1926 թվականներին:
Թանգարանը չի հրապարակել 18 հազար գանգերի ինքնությունը՝ վախենալով փոխհատուցման հայցերից:
Այս առիթով սենատոր Պիեռ Ուզուլիասը նշել է. «Ես ընկճված էի իմանալով, որ Դեյր-էզ Զորում (Սիրիա) հայտնաբերված Հայերի ցեղասպանության զոհերին պատկանող հինգ հայկական գանգեր դեռևս գտնվում են Մարդու թանգարանի հավաքածուներում։ Այժմ առաջարկում եմ Հայաստանի կառավարությանը այս գանգերը Հայաստան վերադարձնել, որպեսզի դրանք իրենց հանգրվանը գտնեն Երևանում Հայերի դեմ իրագործված ցեղասպանության հուշահամալիրի մերձակայքում։ Այս զոհերն արժանի են պատշաճ հուղարկավորության՝ մեկ դար ֆրանսիական թանգարանի նկուղում արկղերի մեջ պահվելուց հետո»։