Ք.ա. IX դ. Վանի թագավորության ստեղծումով Հայաստանը և հայ ժողովուրդը թևակոխեցին զարգացման որակապես նոր շրջան: Վերջինս բնորոշվում է մի շարք նվաճումներով, որոնց թվում առավել կարևոր են զարգացած պետական կառուցվածքը, գրային համակարգը, տնտեսական կյանքի, ճարտարապետության, ինչպես նաև քաղաքաշինության բարձր մակարդակը, կազմակերպված ոռոգման համակարգը: Վանի թագավորության քաղաքները հիմնականում փռված էին բարձր բլուրների շուրջը, որոնց գագաթներին վեր էին խոյանում պարսպապատ աշտարակներով միջնաբերդերը: Այստեղ կառուցվել են ջրմուղներ, ջրամբարներ, կամուրջներ, այգիներ ու բաղնիքներ, պալատներ և տաճարներ: Արարատյան թագավորությունում կային թագավորանիստ, վարչատնտեսական, ռազմական, ինչպես նաև պաշտամունքային նշանակության քաղաքներ։ Ջրանցքաշինությունը կենտրոնական իշխանության հսկողության ներքո էր: Այս իմաստով հատկապես հայտնի են Մենուա և Ռուսա արքաների ջրանցքները, որոնք Հին աշխարհի բացառիկ կոթողներից են:

Վանի թագավորության շինարվեստը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ փոքրասիական և հատկապես իրանական (աքեմենյան) կառուցողական ավանդույթների վրա: