«Ազատություն» կայքը ներկայացնում է 44-օրյա պատերազմի ընթացքում գերի ընկածներից մեկի՝ Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի մասին որոշ մանրամասներ։ Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքյանի մայրը որդու հետ մեկ շաբաթ առաջ է խոսել։ Վիգենի մայրը տագնապած է, ասում է՝ «Նրա կյանքին վտանգ է սպառնում, հիվանդ է։ Հաց չի ուտում։ Կարմիր խաչը ասել է, որ հնարավորություն ունեն բոլոր գերիներին ուտելիք ուղարկել։ Հիմա ես նույնպես իր համար ծանրոց եմ պատրաստում»։ 

Վիգենը ամիսը մեկ անգամ զանգահարում է՝ 50 վայրկյանով։ Վերջին հեռախոսազրույցի ժամանակ ցանկացել էր արաբերեն խոսել և ինչ որ բան փոխանցել, իրեն արգելել են։ Բաքվի բանտապահների պահանջով նա չպետք է խոսի արաբերեն։

Հիշեցնենք, որ Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Շուշիում էր վերաբնակվել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ։ Գերեվարվեց եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ Մարալ Նաջարյանի հետ Բերձոր, ապա Շուշի էին գնում՝ անձնական իրերի հետևից, պաշտոնական լրատվությանը հետևել ու այդտեղ Շուշիի գրավման մասին ոչինչ չէին գտել։ Վիգենն ընդամենը մեկ շաբաթ էր առաջնագծում եղել, բայց պաշտոնական Բաքուն նրան ներկայացրեց որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան ու դատապարտեց 20 տարվա ազատազրկման։