44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական բռնազավթման տակ հայտնված փոքր ՀԷԿ-երի հայ ներդրողները մտադիր են միջազգային արբիտրաժային վարույթ նախաձեռնել Ադրբեջանի դեմ՝ պնդելով, որ Բաքուն 2020 թվականին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով առգրավել և յուրացրել է իրենց սեփականությունը։ Այս մասին հաղորդում է միջազգային արբիտրաժային ոլորտի անցուդարձին հետևող առաջատար մասնագիտացված կայքը՝ Global Arbitration Review-ն, հավելելով, որ ծանուցումը ներկայացվել է դեկտեմբերի 5-ին՝ փոքր ՀԷԿ-երի 19 հայ սեփականատերերի անունից։ 

Կայքի փոխանցմամբ՝ հայ ներդրողների շահերը ներկայացնում է նյույորքյան հեղինակավոր Willkie Farr & Gallagher իրավաբանական ընկերությունը։

Global Arbitration Review-ի վկայությամբ՝ հայցը վերաբերում է Մարտակերտի, Լաչինի և Քելբաջարի շրջաններում գտնվող 18 փոքր ՀԷԿ-երին, որոնց սեփականատերերի համոզմամբ՝ Ադրբեջանը դրանք յուրացնելով խախտել է Եվրոպական էներգետիկ խարտիայի մի շարք դրույթներ։ 1991 թվականին կնքված այս փաստաթուղթը նաև էներգետիկ ոլորտի միջազգային վեճերի հանգուցալուծման մեխանիզմ է նախատեսում: