Ջավախքը պատմական Մեծ Հայքի թագավորության հյուսիսում ընկած Գուգարք աշխարհի ինը գավառներից մեկն է: Այն մ. թ. ա. 2-րդ հազարամյակում մաս է կազմել Հայասա պետական կազմավորմանը, «Զաբախա» ձևով հիշատակվում է Արգիշտի I թագավորի  արձանագրություններում:

Մ. թ. ա. 6-3-րդ դարերում Ջավախքը Երվանդյան թագավորության հյուսիսային գավառներից էր: Կարճ ընդմիջումից հետո Գուգարք նահանգի հետ այն Արտաշես I-ի կողմից վերամիացվել է Մեծ Հայքի թագավորությանը, որի կազմում մնացել է մինչև Արշակունիների դինաստիայի անկումը։ 

10-րդ դարում Ջավախքը հայ Բագրատունիների թագավորության կազմում էր, որի կործանումից հետո կարճ ժամանակով ենթարկվել է վրաց պետությանը՝ մինչև սելջուկ թուրքերի արշավանքները:

12-րդ դարի վերջից Ջավախքն իր Թմուկ բերդի ու Ախալքալաքի հետ տրվել է հայ Զաքարյաններին՝ որպես ժառանգական կալվածք: 1587 թ-ին այն գրավել են օսմանյան թուրքերը և մտցրել Չլդրի (ապա՝ Ախալցխա) նահանգի մեջ՝ իբրև առանձին գավառ: 19-րդ դարի սկզբին Ջավախքը Հարավային Կովկասի այլ գավառների հետ հայտնվեց ռուսական կայսրության արտաքին քաղաքականության ոլորտում:

1828 թ. Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Բաբերդի, Դերջանի և այլ գավառներից 7300 հայ ընտանիքներ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի և Ծալկայի շրջակայքում՝ վերականգնելով ու հիմնադրելով ավելի քան 60 գյուղ և 50 եկեղեցի:Ջավախքի ներկա վիճակի մասին մանրամասն կներկայացնենք մեր հետագա թողարկումներում։