«Նիսան» հրատարակչությունը լույս է ընծայել Նուբար Յալըմյանի «Վերադարձ հայրենիք» գիրքը՝ հայերենից թուրքերեն թարգմանությամբ։ Նուբար Յալըմյանը և իր ստեղծագործությունները հրատարակչության կողմից գրված նախաբանում այսպես են ներկայացվում․ «Նուբար անունը դառնում է ձնծաղիկ, որը ծաղկում է հայ և քուրդ ժողովուրդների սրտերում։ Առաջին անգամ ենք հայերենից թուրքերեն թարգմանում և տպագրում նրա բանաստեղծություններն ու հոդվածները, որոնք արտահայտում են նրա ազատության անսպառ իդեալներն ու անկեղծ զգացմունքները՝ հայրենիքի ու սեփական ժողովրդի հանդեպ։ Նուբար Յալըմյանը, ում գրիչն ու խոսքն ուղղված էին տգիտության ու խավարի դեմ,  մեծ կարևորություն է տալիս հայրենիքի կարոտին։ Երբ խոսքը վերաբերում է հայերին, հայրենիքը դառնում է անսպառ կարոտ՝ տոգորված ցեղասպանության ցավով։ Մի քանի անգամ աքսորի ենթարկված Նուբարը դա այնքան խորն էր զգում, որ այդ զգացմունքն արտացոլվում էր նրա պոեզիայում։ Նա իր ազատությունը որոնեց մայր հայրենիքի՝ Հայաստանի մեջ»։

Հիշեցնենք, որ հայ հեղափոխական Նուբար Յալըմյանը ծնվել է 1957 թվականին Արևմտյան Հայաստանի Շրնաք նահանգի Սիլոփի գավառում։ Նա ակտիվորեն աշխատում էր Նիդերլանդներում։ Սպանվել է թուրքական հետախուզության կողմից 1982 թվականի նոյեմբերի 5-ին։