«Թուրքականությանը վիրավորելու» մեղադրանքով Անկարայի գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին 11 անդամների դեմ՝ պահանջելով նրանց դատապարտել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն։ Դատական հայցը հիմնվել է 2021 թվականի ապրիլի 24-ին նրանց կողմից արված հայտարարությանը, որտեղ քաղաքական գործիչները Հայերի դեմ իրագործված ցեղասպանության վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում են ցուցաբերել։
Մեղադրական եզրակացության մեջ մեջբերվում է քաղաքական գործիչների կողմից արված հայտարարությունը.«1915 թվականի ապրիլի 24-ին Միություն և առաջադիմություն կոմիտեի հատուկ կազմակերպության կողմից բռնի աքսորվեցին և սպանվեցին 250 հայ մտավորականներ և քաղաքական գործիչներ։ Հայ ժողովուրդը ցեղասպանվել և աքսորվել է իր սեփական հայրենիքից, որտեղ ապրել է հազարամյակներ շարունակ։ Այնուհետև Արևմտյան Հայաստանը ապաքրիստոնեացվեց։ Ցեղասպանության արդյունքում նրանց ունեցվածքն ու մշակութային արժեքները բռնագրավվեցին։ Թուրքիան 106 տարի չի առերեսվել Հայերի ցեղասպանության հետ, որի պատճառով հանցագործությունը կրկնվեց և հասավ մինչ մեր օրերը։ Խոշոր հանցագործությունը մնաց անպատիժ, խտրականությունն ու ատելության դրսևորումները դարձան սովորական: Հայերի ցեղասպանությունը նախ և առաջ մի խնդիր է, որին այսօր պետք է արդարացիորեն առերեսվել և ընդունել՝ մարդասիրական, իրավական և սոցիալական առումներով: Հայերի ցեղասպանությունը տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի տարածքում և արդարությունը պետք է ապահովվի այս հողերում»։