Ադրբեջանական կողմն Արցախում շահագործվող հանքավայրերին նաև Մոսկվայում է անդրադարձել։ Այդ երկրի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը,  Հայաստանի ու Ռուսաստանի գլխավոր դատախազների հետ եռակողմ հանդիպմանը հայտարարել է, թե «անընդունելի է Արցախյան տարածաշրջանում անօրինական այցերի կազմակերպումն ու բնական պաշարների ապօրինի շահագործումը»։

Նման հայտարարություններով Բաքուն փորձում է ցույց տալ, թե Արցախի տարածքում որոշումներ կայացնելու իրավունք ունի, ասում է Արցախի խորհրդարանի պատգամավոր Արթուր Հարությունյանը։ Արցախում բնապահպանական խնդիրների մասին Բաքուն ակտիվորեն սկսեց խոսել անցած շաբաթվանից։ Ամեն ինչ սկսվեց, երբ բնապահպանական խնդիրների պատճառաբանությամբ Արցախը Հայաստանին կապող մայրուղին ավելի քան 3 ժամ փակ պահեցին։ 

 Պատգամավորն անընդունելի է համարում ադրբեջանական կողմի քայլերն ու դրանք սադրիչ որակում։ Ասում է՝ հարցի վերաբերյալ արցախցի խորհրդարանականներն իրենց դիրքորոշումը օրերս հայտնել են ռուս խաղաղապահների հրամանատարին։ 

Արևմտյան Հայաստանը հետևողական է կատարվող իրադարձություններին և ըստ անհրաժեշտությաան հանդես կգա հայտարարությամբ։