Ընկուզնակ գյուղը գտնվում է  Արևմտյան Հայաստանի  Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։

Ընկուզնակի մասին առաջին հիշատակությունը վերաբերվում է 1445 թվականին, իսկ Կոնդակում նշված էր, որ գյուղը պատկանում էր Եղրդուտի Սուրբ Հովհաննես վանքին։

Ընկուզնակը եղել է գրչության կենտրոն։ Հայտնի սրբատեղիներ էին գյուղի շրջակայքում բխող Թլնա և Մեծակ աղբյուրները, որոնք ունեին բուժիչ հատկություններ: Գյուղից շուրջ 2 կմ հարավ գտնվում էր Աբեղթու ավերակ վանքը՝ Սուրբ Հակոբ և Սուրբ Ստեփաննոս մատուռներով, որոնք ժամանակին հայտնի ուխտատեղիներ էին: Սուրբ Ստեփանոսում պահպանվել էին մեծ քանակությամբ հայկական հին ձեռագիր մատյաններ, արծաթապատ Ավետարաններ։

Մինչև 1909 թվականը գյուղն  ուներ արդեն 40 տուն՝ 580 հայ բնակիչ: Գյուղում կար հայկական դպրոց, որը գործեց մինչև ցեղասպանությունը: Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում էր անասնապահությամբ:

1915 թվականին բնակչությունը բռնությամբ տեղահանվեց։ Նրանց մեծ մասը զոհվեց  աքսորի ճանապարհին, ողջ մնացածները ապաստան գտան Արևելյան Հայաստանում և այլուր։