Ահմեդ Իշջան

Հարգելի ընթերցողներ, կցանկանայի ձեզ ներկայացնել Օսմանյան առաջին  սահմանադրությունը և դրա ստեղծման պատմությունը:

700-ամյա Օսմանյան կայսրության առաջին սահմանադրությունը հռչակվել է 1876 թվականի դեկտեմբերի 23-ին։ 1878-ին Աբդուլհամիդ II-ի   կողմից այն կասեցվել է և կրկին ուժի մեջ է մտել 1908 թվականի հուլիսի 24-ի հեղափոխության արդյունքում։

Սահմանադրությունը 1921 թվականի հունվարի 20-ից մասամբ ուժի մեջ մնաց և  շարունակեց իր իրավասությունը մինչև 1924 թվականի մայիսի 24-ը, երբ արդեն ուժի մեջ մտավ Թուրքիայի Հանրապետության Սահմանադրությունը։

Օսմանյան կայսրությունում Սահմանադրության և խորհրդարանական կարգի պահանջը, որը կարող էր փրկություն հանդիսանալ կայսրության փլուզման ժամանակաշրջանում, սկսեց ի հայտ գալ 1848 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, հատկապես  1867-1868 թվերին՝ Նամըք Քեմալի գլխավորած Երիտասարդ օսմանյան շարժման աջակիցների կողմից։  Սահմանադրության առաջին նախագիծը, որը ստեղծվել էր Նամըք Քեմալի առաջարկությամբ, հետագայում փոխարինվեց մի տեքստով, որը թարգմանվել էր Ֆրանսիայի և Բելգիայի սահմանադրություններից՝ Միթհաթ փաշայի անձնական քարտուղար, փաստաբան Գրիգոր Օդյանի տեսակետներին համապատասխան։ 1876 ​​թվականի օսմանյան սահմանադրությունը պատրաստել է հայազգի Գրիգոր Օդյանը։

Այդ սահմանադրությունը ուղղակիորեն կրում էր 1863 թվականի Հայոց ազգային սահմանադրության և դրա ստեղծողների ազդեցությունը և պատրաստվել է էգինցի Սաիդ փաշայի, Սուլեյման բեկի և Սուլթանատի գլխավոր քարտուղար Փոքր Սաիդ փաշայի առաջարկությամբ։

Հատկապես Ղրիմի պատերազմի արդյունքում պարտքերի մեջ խրված Օսմանյան պետության Բարձր դուռը կամ  Մեծ վեզիրների պալատը, 19-րդ դարի կեսերին հայտնվեց վաշխառության փուլում՝ արևմտյան կապիտալի կուտակման արդյունքում:

Բանկերն ու բանկիրները գերիշխող դիրք զբաղեցրին պետության և քաղաքական իշխանության հանդեպ: Նրանք պարտք էին տալիս և պաշտպանում իրենց կապիտալը պետության ուժով։ Արևմուտքը միջոցներ էր ձեռնարկում սեփական շահերը պահպանելու և իր զարգացումը շարունակելու համար և վարում էր երկկողմանի քաղաքականություն։ Թերի զարգացած երկրներ և մայրցամաքներ ներթափանցելու պատրվակով գաղութացնում էր այդ տարածքները և կանխում դրանց հնարավոր հետադիմությունը: Այդ իմպերիալիստական ավազակները՝  ելնելով իրենց շահերից, խառնվում էին այդ երկրների ներքին գործերին, նրանց մղում էին պատերազմի՝ զենք վաճառելով. այնպես, ինչպես հիմա դա անում են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում:

Այս պայմանների ճնշման ներքո զարգացավ Արեւմուտք-Օսմանյան երկխոսությունը։ Արևմուտքը, որը հրաժարվեց կայսրության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու քաղաքականությունից, արդեն իշխում էր Օսմանյան կայսրության ողջ կենսական ուժերի և ռեսուրսների վրա։ Օսմանյան կայսրությունը կարող էր գոյատևել այնքան ժամանակ,  որքան որ կպահպանվեր Արևմուտքի մեծ տերությունների միջև  համաձայնությունը և կպահպանվեր հավասարակշռությունը, որովհետև կայսրությունը իր էությամբ և ներքին դինամիկայով ուժ չուներ իրեն փրկելու։ Խորհրդարանի անդամների թիվը, որոնք փորձում էին գոյատևել այս պայմաններում, որոշվեց օսմանյան հպատակության տակ ապրող յուրաքանչյուր  50 հազար տղամարդուց մեկի ընտրությամբ:

1877 թվականի փետրվարին կայացած համապետական ​​ ընտրություններից հետո՝ 1877 թվականի մարտի 19-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ընդհանուր նիստը։ Խորհրդարանը բաղկացած էր 69 մահմեդական եւ 46 ոչ մահմեդական պատգամավորներից։ Ազգային ժողովի նախագահ նշանակվեց Ահմեդ Վեֆիք փաշան։ 1877 թվականի ապրիլի 24-ին բռնկված օսմանա-ռուսական պատերազմը մեկ տարի ստվերում թողեց խորհրդարանի գործունեությունը: Այն բանից հետո, երբ օսմանյան բանակը պարտություն կրեց և ռուսական բանակը դիրքավորվեց Ստամբուլի դարպասների մոտ,  1878 թվականի հունվարի 31-ին կնքվեց Ադրիանապոլսի  զինադադարը։ Այս իրադարձությունից 13 օր անց՝ 1878 թվականի փետրվարի 13-ին, Աբդուլհամիդ II-ը անորոշ ժամանակով դադարեցրեց Ազգային ժողովի գործունեությունը: 1878-1908 թվականների բռնատիրության ժամանակաշրջանում Սահմանադրության հիմնական դրույթները չէին գործում: Հակառակ դրան՝ Սահմանադրությունը պաշտոնապես մնաց ուժի մեջ։ Պետական ​​հրամանագրերը ամեն տարի պարբերաբար հրապարակվում էին: Թեև Ազգային ժողով այլևս չգումարվեց, նրա անդամները ցմահ կանոնավոր աշխատավարձ ստացան:

1922 թվականի նոյեմբերի 4-ին սուլթանության վերացումը և 1923 թվականի հոկտեմբերի 29-ին Հանրապետության հռչակումը իրականացվել են 1876 թվականի օրենքի հոդվածների հիման վրա կատարված փոփոխություններով։

Ի վերջո, 1924 թվականի ապրիլի 20-ին ուժի մեջ մտած նոր Սահմանադրությամբ 1876 թվականի Սահմանադրությունն ամբողջությամբ վերացվեց։