Նոյեմբերի 4-5-ը Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված «Կոստանդնուպոլիս․ պատերազմի, փլուզման, օկուպացիայի և դիմադրության պատմությունը 1914-1922 թվականներին» խորագրով համաժողովի բանախոսներից մեկը Նեսիմ Օվադյա Իզրայիլն էր, ով իր՝ «Զինադադարի տարիներին հայկական թատերական գործունեության վերելքը Ստամբուլում» վերնագրով ելույթում անդրադարձավ հայ թատրոնի պատմությանը։
Թեմայի վերաբերյալ Նեսիմ Իզրայիլը մասնավորապես այսպես է խոսել․ «Եվրոպական ոճով թատրոնը օսմանյան հասարակություն մուտք գործեց 19-րդ դարում՝ շնորհիվ հայերի։ Երբ 1908 թվականին ընդունվեց սահմանադրական կարգը, թույլատրվեց հայկական թատրոնի գործունեությունը։ Հայ երիտասարդ արտիստները 1908 թվականի առաջին օրերին եւ Ադանայի ջարդերի ժամանակ, մեծ ոգևորությամբ ստեղծեցին «Ազատ թատրոն» խումբը։
1910 թվականին թուրքական թատերական ընկերությունները բախտ ունեցան խաղալ հայկական դրամատիկական արվեստի առաջատար արտիստ Վահրամ Փափազյանի հետ։ Այդ համագործակցության արդյունքում 1912 թվականի ապրիլին «Նոր թատերախմբի» դերասան Մուհսին Էրթուղրուլը՝ թուրքերեն և Վահրամ Փափազյանը՝ հայերեն ներկայացրեցին երկլեզու «Համլետ» ողբերգությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ աշխարհում տիրող դեմոկրատիայի և հակաֆաշիզմի մթնոլորտի պայմաններում, Թուրքիայում կրկին թույլատրվեց հայերեն թատրոնը։ Պրոֆեսիոնալ ներկայացումներով վերածնված հայկական տեսարանները սկսեցին ծաղկունք ապրել, որը տևեց մոտ տասը տարի:
Սակայն, ոչ մուսուլման քաղաքացիների՝ քաղաքականությունից դուրս մղելու և ձուլման քաղաքականությունը, 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը և նմանատիպ իրադարձություններ վերջ դրեցին պրոֆեսիոնալ հայկական թատրոնի ծաղկմանը, և թատրոնի դրոշը ստանձնեց սիրողական հայկական բեմը, որը տարիների ընթացքում աստիճանաբար կորցրեց իր հզորությունը։ Այսօր հայ սիրողական թատրոնն անբավարար մակարդակով շարունակում է իր ճանապարհը՝ հայկական ներկայացումները փոխարինելով թուրքերեն ներկայացումներով»։