«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասնակիցներից՝ Քինի նահանգային քոլեջի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության ամբիոնի պատվավոր վարիչ, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորգին նշեց, որ կարևորում է միջազգային հանրության դերակատարությունը՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարվել ԼՂ-ի, Հայաստանի հայերի դեմ ցեղասպանական մտադրություններից:  

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է հասկացնի, որ ցեղասպանական հարձակումը հայերի դեմ Արցախում, Հայաստանում կամ այլ վայրում, ուժգին պատասխան կստանա, ծանր հետևանքներ կլինեն՝ հայերի դեմ գործողությունների համար: Եվ այս ամբողջը պետք է արվի դիվանագիտական ճանապարհով:

«Մենք պետք է հետամուտ լինենք այդ հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու հարցում: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, կարծում եմ, որ որոշ կարևոր երկրներ, որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ, կարող են սպառնալ՝ չեղարկելու իրենց տնտեսական և ռազմական օգնությունը Ադրբեջանին»,-եզրափակեց Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորգին: