Դեկտեմբերի 12-ին Երևանի Մատենադարանում  մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։

Ֆորումը անդրադառնում է ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին: Միջոցառումը կազմակերպվել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի աջակցությամբ և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի և Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության (GAAMAC) հետ սերտ համագործակցությամբ:

4-րդ Գլոբալ ֆորումը նաև նվիրված է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը և Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, որը նշվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 9-ին։

Ֆորումը կեզրափակվի Համատեղ գործողությունների մասին Հռչակագրի ընդունմամբ՝ առաջադեմ տեխնոլոգիաների ներուժը ցեղասպանության և այլ դաժան հանցագործությունների վաղ նախազգուշացման և կանխարգելման համար օգտագործելու, ինչպես նաև դրանց չարարկման դեմ պայքարելու վերաբերյալ: