Կառնա գյուղը գտնվում էր  Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Խիզան գավառակում՝ համանուն  վտակի հովտում: Գյուղը հայաբնակ էր, տեղանքը լեռնային, հիմնականում անտառապատ էր, մշակելի հողերը քիչ էին, սակայն ուներ փարթամ արոտավայրեր: Բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ, հողագործությամբ և արհեստներով:

Կառնան եղել է գրչության կենտրոն: Ուներ Սուրբ Կիրակոս եկեղեցի, որին կից գործում էր ծխական դպրոցը: 1880-ական թվականներին գյուղը միացվել է  Մամրտանքի  գյուղախմբին։ Հայ բնակչության համար հատկապես ծանր հարված էր 1877-1878 թվականների շեյխ Ջալալեդդինի ավերիչ արշավանքը, որն ամայացրեց Մամրտանքի շատ գյուղեր: Իսկ  1895-1896 թվականներին  տեղի 2 տասնյակ հայկական գյուղեր, այդ թվում՝ Կառնան, Շենաղբյուրը, Գուզենցը, Գոմերը, Սենամերիկը և այլն, թուրքերի կողմից  ենթարկվեցին ցեղասպանության։ Այդտեղ համատարած բնույթ էր ստացել բռնի կրոնափոխությունը, ինչի հետևանքով բնիկ հայ բնակչությունը հարկադրաբար գաղթում էր հայրենի բնօրրանից։

Հայ բնակչության մեծ մասն էլ թուրքերի ձեռքով կոտորվեց 1915 թվականին՝  ցեղասպանության ժամանակ: Կոտորածից փրկված հայերի մի մասը 1918 թվականին  գաղթել և հաստատվել է Ուրմիա լճից հյուսիս–արևմուտք՝  Իրանի Սալմաստ գավառում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում: