Բարվարի գավառակը գտնվում է Արևմտյան Հայաստանի Բաղեշ վիլայեթի Սղերթի գավառում: Տարածքի ձգվածության և տեղանքի պատճառով Բարվարին կազմված էր մի քանի հատվածներից։
Բարվարիի կենտրոնը Խասխեր ավանն էր՝ Արևելյան Տիգրիսի ձախ ափին: Խասխեր ավանում էր գտնվում Սուրբ Աստվածածին քարակերտ վանքը: Ավանի մոտակայքում պահպանվել էին Խասխերի կամ Բարվարա բերդի և պարիսպների ավերակները, որը ժողովրդի շրջանում ընդունված էր Բավարա բերդաքաղաք անվանումով: Գավառակն ուներ լեռնային տարածք և հարուստ էր արոտավայրերով: Բնակչությունը հիմնականում զբաղվում էր անասնապահությամբ, երկրագործությամբ, մեղվապահությամբ և խաղողագործությամբ:
Գավառակը մինչև 19-րդ դարի կեսերին ուներ 300 տուն հայ բնակիչ, որոնց մեծագույն մասը, չդիմանալով գավառ ներթափանցած քոչվոր ադիանցի աղաների վայրագություններին, հեռացել էր այլ վայրեր, բայց մինչև ուշ միջնադար Բարվարիի բնակչության գերակշիռ մեծամասնությունը կազմում էին հայերը։ Սակայն 1915 թվականին Բարվարիի գավառի հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային կոտորածի։ Թշնամու գերակշիռ ուժերի ճնշման տակ ավերվեց ու թալանվեց ողջ գավառը, իսկ բնակչությունը ստիպված էր մարտերով նահանջել ավելի անվտանգ վայր՝ Մոկս։ Նույն թվականի ամռանը վերապրածները նույնպես ստիպված եղան հեռանալ, և հիմնական մասը հաստատվեցին Արևելյան Հայաստանի տարբեր շրջաններում: Սակայն նրանց շարքերում մնացին հայեր, որոնք այդպես էլ չլքեցին հայրենի բնօրրանը: