Սկսած հին ժամանակներից մետաքսե գործվածքները միջազգային առևտրի ամենահարգված առարկաներից էին։ «Մետաքսի ճանապարհը», որով կատարվում էր մետաքսեղենի առևտուրը Արևելքի և Արևմուտքի միջև, ձևավորվել էր դեռևս մեր թվարկությունից առաջ II դարում և գործում էր մինչև XVI դարը։ Արևմտյան Հայաստանում մետաքսագործությունը նշանակալից զարգացման էր հասել։ 

IX-XIII դարերում հայ և արաբ հեղինակները հիշատակում են Հայաստանում, մասնավորապես Դվինում արտադրվող մետաքսե գործվածքները։ Անիի պեղումներից մեզ են հասել  նաև այդ ժամանակաշրջանի մետաքսե գործվածքների նմուշներ։ «Կերպասագործ» տերմինը մետաքսագործ իմաստով գործածել է Անանիա Շիրակացին (VII դար), իսկ XI դարի հեղինակ Գրիգոր Մագիստրոսը մետաքսագործությունը համարում է առանձին արհեստ։ Հանդիպում են նաև աբրեշում, ապրեշումագործ բարբառային ձևերը։ Հայաստանում պատրաստված մետաքսաթելը և մետաքսե նուրբ գործվածքները ունեին գեղեցիկ փայլ, փափուկ  էին, դիմացկուն և լավ ներկվում էին։ Հայտնի էին հատկապես որդան կարմրով ներկած հայկական մետաքսաթել ծիրանին և դիպակները։