Արևմտյան Հայաստանի Չմշկածագ քաղաքը գտնվում է Խարբերդ քաղաքից մոտ 50 կմ հյուսիս-արևմուտք, անտառապատ վայրում, ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա։ Վարչական առումով հնում մտնում էր Ծոփքի, իսկ նոր ժամանակներում՝ Խարբերդի նահանգի Դերսիմի գավառի մեջ։

Մինչև XV դարը բավական մարդաշատ էր և բարեկարգ։ Սակայն 1474 թվականին մամլուք թուրքերի կողմից գրավելուց հետո, որն ուղեկցվել էր բնակիչների զանգվածային գերեվարմամբ, այն վերածվել էր մի փոքրիկ գյուղաքաղաքի։ Քաղաքի տնտեսության ճյուղերը կազմում էին արհեստագործությունը, առևտուրը և գյուղատնտեսական զբաղմունքները։ 

Հայերն ունեին երկու եկեղեցի, որոնցից մեկը  կրում էր ս. Աստվածածին անունը, իսկ նորը կոչվում էր ս. Թորոս և կառուցվել էր 1825 թ. նախկին սրբավայրի տեղում։ Չմշկածագում պահպանված էին զանազան հնություններ ու պատմական հուշարձաններ` քաղաքը երբեմնի շրջափակող պաշտպանական պարսպի մնացորդները, բերդի հետքերը, հայկական ամրոցների, եկեղեցիների ու մատուռների և այլ շենքերի ավերակներ։ 

Չմշկածագի հայ բնակչությունը սասունցիների նման քաջ էր և երկար ժամանակ մղել է ինքնապաշտպանական հերոսական կռիվներ։ 1830—1850թթ. նրա բնակչության քանակը հասնում էր 8000 մարդու, որից մոտ 6500-ը հայ։ Քաղաքը գրեթե նույնքան բնակիչ ուներ նաև  ցեղասպանության նախօրեին՝ 1915 թ. սկզբներին։ Այստեղի հայությունը նույնպես ենթարկվեց 1915 թ. ցեղասպանությանը։ Նրա մի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին, իսկ փրկվածները տարագրվեցին զանազան կողմեր։ 1930-ական թվականներին Չմշկածագի բնակչության թիվը հազիվ էր հասնում 5 -6 հազար մարդու, որոնց մեջ կային նաև չնչին թվով հայեր։