Դեկտեմբերը Արևմտյան Հայաստանում բնակվող  արևիների համար ամենասուրբ ամիսն է, քանի որ հենց այս ժամանակ է նշվում  Գախան ամսվա տոնը։ Ըստ Դերսիմի արևիների, ովքեր հազարամյակներ շարունակ հավատարիմ մնալով իրենց հավատքին՝ այն նկարագրում են որպես «Ճշմարիտ ճանապարհ»՝ դեկտեմբերն այդ հավատքի 10-րդ ամիսն է։  Գախանն սկսվում է դեկտեմբերի երրորդ շաբաթից և տևում է մինչև հունվարի առաջին շաբաթը։ Դերսիմի արևիների համոզմամբ՝ Գախան ամսվա առաջին օրը նաև ձմեռային սեզոնի առաջին օրն է։  Գախան ամսում եռօրյա պահք է պահվում։ Պահքի նպատակն այն է, որ ձմռան խստաշունչ ամիսներին մարդկանց կյանքը և ունեցվածքը պաշտպանված լինեն։ Այս ընթացքում մարդիկ փորձում են հնարավորինս չնեղացնել միմյանց։ Ինքնամաքրումը Գախանի շրջանում կարևոր խորհուրդ է կրում։ Տոնի շրջանակում իրագործվում են մի շարք ծեսեր, օրինակ՝ տարվա վերջին օրը եփած ցորենը շաղ են տալիս են տան և անասնագոմի մեջ, ինչպես նաև աղբյուրների վրա, մի մասն էլ բաժանում են տան անդամներին՝ ուտելու համար։ Բացի այդ, աղբյուրից վերցված ջուրը նոր տարվա առաջին օրը ցողում են տան ներսի ու դրսի պատերի վրա։ Դեկտեմբերի վերջին շաբաթում՝ Գախան ծոմի ավարտին, տան տիկինը կարևոր ծես է կատարում. առավոտյան վաղ ժամերին նա աղբյուրից վերցրած մի աման ջուրը  շաղ է տալիս ամբողջ տան և անասնագոմի տարածքում, երբեմն էլ՝ աղ խառնելով մաքուր ջրին։

Այս ծիսակարգի համաձայն՝  տարին առատ է լինում, իսկ տունը պաշտպանված  չար աչքից։