Արարատյան թագավորության ժամանակաշրջանում Վանում կառուցված Քյորզութ ամրոցի վայրում այս տարի սկսված պեղումների ժամանակ հայտնաբերվել են ևս մեկ տաճար և դամբարան։ Գտածոների թվում եղել են նաև խեցեղենի բեկորներ և մետաղական իրեր։
Պեղումներն իրականացվել են Վանի Հարյուրամյակ համալսարանի գրականության ֆակուլտետի հնագիտության բաժնի դոկտոր Սաբահաթթին Էրդողանի գիտական խորհրդատվությամբ, Մուրադիե շրջանի նահանգապետարանի և քաղաքապետարանի աջակցությամբ։ Եղանակային պայմանների պատճառով պեղումները կշարունակվեն հաջորդ տարի։ Սաբահաթթին Էրդողանի խոսքով՝ երկրորդ տաճարը հայտնաբերվել է այն տարածքում, որտեղ ավելի շուտ հայտնաբերվել էր մեկ ուրիշ տաճար։
«Կարծում ենք, նոր հայտնաբերված տաճարը կառուցել է Մենուա թագավորը, որի անմիջապես կողքին հանդիպեցինք մի դամբարանի, որի տարածքում մեծ քանակությամբ ուրարտական շրջանի խեցեղեն կա։ Այս դամբարանը կարևոր է նաև գտածոների բազմազանությամբ։ Դրանց թվում են մետաղյա իրեր, մահացած մարդկանց պատկանող անձնական իրեր, ինչպես նաև կերամիկական առարկաներ»,-նշել է նա: