Տևրիկ քաղաքը հին հռոմեական քարտեզներում նշված է Տևկիլա ձևով, արաբները կոչել են Աբրիգ, թուրքերը՝ Դիվրիգ։ Տևրիկը հիշատակվում է իբրև ճանապարհային կայան, գյուղաքաղաք, բերդաքաղաք և քաղաք։ Գտնվում էր Զիմարայից Մալաթիա տանող ճանապարհին, Եփրատի աջակողմյան վտակ՝ Տևրիկ գետի ստորին հոսանքում։ Քաղաքի բերդը գտնվում էր բարձրավանդակի վրա։ Տևրիկի հովիտը ամբողջովին ծածկված էր այգեստաններով և պարտեզներով։ Ուներ ընտիր խաղող և գինի։ Շրջակայքում կային երկաթի հանքավայրեր։ Տևրիկն ուներ հայկական 3 եկեղեցի։ Գործում էին հայկական երկու վարժարան, որոնցից մեկը կոչվում էր Ներսիսյան կամ Ազգային վարժարան և XIX դարի 70-ական թվականներին ուներ երկսեռ 500 աշակերտ ու 14 ուսուցիչ, իսկ մյուսն անհամեմատ փոքր էր և պատկանում էր բողոքական հայերին։
Քաղաքը հիմնադրվել է 855 թվականին՝ Պավլիկյան շարժման հայտնի առաջնորդ Կարբեասի կողմից։ Հնում ունեցել է մոտ 1200 տուն, որի կեսից ավելին հայկական։ Բյուզանդական Բարսեղ կայսրը 873 թ. գրավել և քարուքանդ է արել պավլիկյան շարժման այդ հզոր կենտրոնը։ XVI դարի սկզբին Տևրիկին տիրել են օսմանյան թուրքերը։ XIX դ. վերջերին նրա բնակչությունը հասնում էր 10 հազար մարդու, իսկ 1915-ին՝ ցեղասպանությունից առաջ՝ 12 հազարի, որից 4000-ը հայեր։ Տևրիկի հայ բնակչությունը նույնպես ենթարկվել է թուրքական ցեղասպանների արհավիրքներին։ Նրա մի մասը բնաջնջվել է, իսկ մյուս մասը տեղահանվել։ 1955 թվականի տվյալներով այդտեղ բնակվում էր 5 հայ ընտանիք։ Իսկ 1951թ. նրա ամբողջ բնակչության քանակը հասնում էր ընդամենը 6000 մարդու։