«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունն 8 այլ կազմակերպությունների հետ միասին նախազգուշացրել է Արցախում ցեղասպանության վտանգի մասին։ Կազմակերպությունները Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիային միացած երկրներին կոչ են արել գործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ կանխելու հայերի ցեղասպանությունը տարածաշրջանում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կազմակերպության տարածած հայտարարությունը։

Հայտարարությունում նշվում է․ «Ցեղասպանության կանխարգելման մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի կողմից սահմանված վայրագ հանցագործության վտանգի բոլոր 14 գործոններն առկա են։ Արցախի հայերի դեմ ադրբեջանական ներկայիս ագրեսիան համապատասխանում է Ադրբեջանի կառավարության, Թուրքիայի Հանրապետության, Օսմանյան կայսրության և նրանց համախոհների կողմից հայերի և տարածաշրջանի քրիստոնեական այլ համայնքների դեմ իրականացված էթնիկ և կրոնական զտումների վաղեմի քաղաքականությանը»։

Այն ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, Արևմտյան Հայաստանում՝ հայերի դեմ իրագործված ցեղասպանության շարունակությունն է և  միջազգային հանրության անտարբերության հետևանքը։ Եթե դատապարտվեր և հատուցում ունենար հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, այսօր թուրք-ադրբեջանական տանդեմը երկրորդ ցեղասպանությունը չէր փորձի կազմակերպել Արցախում։ Սա միջազգային հանրության և մի շարք գերտերությունների պատասխանատվության թերացումն է։