Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում անցումային թիմով, որը հիմքեր կնախապատրաստի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Բորելը նշել է, որ առաքելությունը տեղակայվել էր Հայաստանում հոկտեմբերի 20-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված համաձայնության՝ տեղում տիրող իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և դրա մասին տեղեկացնելու նպատակով։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Եվրամիության խորհուրդը՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների համաձայնությամբ, որոշել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության իրավիճակի վերաբերյալ ԵՄ տեղեկացվածությունը։