Ակադեմիկոս Նիկողայոս Մառի անվան հայագիտության միջազգային գիտական մրցույթը սկսել է իր աշխատանքը, հայտերը կընդունվեն դեկտեմբերի 19-ից հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում: Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց մրցույթի կազմակերպիչ, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։

Սա իր տեսակի մեջ միակ մրցույթն է։ Գաղափարը Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանինն է։ Կազմակերպիչները հայտեր են ընդունում աշխարհի բոլոր երկրների հետազոտողներից։ Աշխատանքների թեմատիկան ծավալուն է՝ հայոց պատմություն հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը, հայ-ռուսական հարաբերությունների պատմություն, հայ-իրանական, հայ-թուրքական հարաբերություններ, Հայերի ցեղասպանության հիմնախնդիր, հայկական ազգագրություն, հայ արվեստի պատմություն, բանահյուսություն, կրոն, ժողովրդական հավատալիքներ, հայ լեզվաբանություն, էպիգրաֆիկա և այլն: Կազմակերպիչները նշում են, որ հրապարակումը պետք է լինի օբյեկտիվ և գիտական ու բաղկացած լինի առնվազն 60-70 էջից: