Ուշ միջնադարի հայ խոշորագույն բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովայի 300-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանում բացվեց նրա գրական ժառանգությանը նվիրված ցուցահանդես, որում ընդգրկվել են շուրջ 110 միավոր գրքեր, նոտագրություններ: 

Գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանը Սայաթ-Նովայի ու նրա արվեստի մասին այսպես խոսեց․ «Վիթխարի գագաթ է Սայաթ-Նովան: Նրա արվեստի նշանակությունը դուրս է հայ ազգային մշակույթի սահմաններից: Համամարդկային են Սայաթ-Նովայի պոեզիան, նրա խոհափիլիսոփայական ստեղծագործությունները: Նա  հայտնի է իբրև մեծ սիրերգու, սակայն նրա գործերում հսկայական փիլիսոփայություն կա, որը բոլոր ժամանակներում արդիական է»:

Հիշեցնենք, որ Սայաթ-Նովայի իրական անունը Հարություն է, իսկ ազգանունը՝ Սայադյան: Նա ծնվել է 1712 թվականի հունիսի 14-ին Թիֆլիսում:

Սայաթ-Նովայի կյանքը ավելի քան 150 տարի եղել է գրականագետների, լեզվաբանների, պատմաբանների և փիլիսոփաների բանավեճերի առարկան։ Աշուղի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրներից են հենց իր գրած բանաստեղծությունները։