Լրագրող, «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Եթվարդ Դանզիկյանը զրուցել է «Ալևիացված կամ Արևիացված հայերը» գրքի հեղինակ, պրոդյուսեր Քազըմ Գյունդողանի հետ, ում ճանաչում ենք «Դերսիմի կորած աղջիկները» վավերագրական ֆիլմից։ Գրքի վերնագիրն առաջին հերթին արտացոլում է դրա բովանդակությունն ու ոգին: Նրանք, ովքեր մի փոքր գիտեն ցեղասպանությունների պատմությունը, հեշտությամբ կարող են հասկանալ, թե ինչ է ենթադրում և նկարագրում այս վերնագիրը։
Գրքի վերջին՝ 3-րդ մասը, որը վերնագրվել է «Հայկական բնակավայրերը և բնակչությունը Դերսիմում մինչև 1915 թվականը», կապ է հաստատում պատմական իրականության հետ։
Գիրքը Դերսիմի ճիչն է մարդկանց ցավոտ պատմությունների մասին, ովքեր իրենց ներկայացնում են որպես «խոսող համր և տեսնող կույր»:
Ձեր գրքի համար ընտրել եք Ալևիացված հայերը վերնագիրը։ Ինչու՞ ընտրեցիք նման վերնագիր
Յուրաքանչյուր գրքի վերնագիրն առաջին հերթին արտացոլում է դրա բովանդակությունն ու ոգին, ինչպես նաև հեղինակի մտքերը: Գրքի ընթերցումից առաջ բուռն բանավեճեր, քննադատություններ ու առարկություններ եղան վերնագրի վերաբերյալ:
Ես արտագաղթեցի և մոտ տասը տարի տևած ուսումնասիրության ընթացքում հարցազրույց ունեցա 90 մարդու հետ: Ես լսեցի նրանց, տեսա, շոշափեցի, զգացի այն վայրերը, որտեղ նրանք ապրել ու սպանվել են։
Իսկ ո՞վ է իրականացրել ֆիզիկական բռնությունը։ Նրանք, ովքեր հետևում են մեզ և մեր աշխատանքին, գիտեն, որ խոսքը թե՛ Օսմանյան կայսրության, թե՛ Հանրապետության կողմից իրականացված ցեղասպանությունների մասին է։ Ֆիզիկական բռնության հետևանքով ոչնչացված հասարակության ողջ մնացած անհատները կամ փոքր համայնքները, որոնց պատմությունը, մշակույթը, լեզուն, հավատքն ու ունեցվածքը թալանվել են, մնում են այնտեղ, որտեղ ծնվել են և ենթարկվում են ուծացման գործընթացին: Եթե իշխող մեծամասնությունը մահմեդականներ են, ապա նրանք պետք է դառնան մահմեդական, իսկ եթե ալևիներ են, ապա պետք է դառնան ալևի: Բազմաթիվ ակադեմիական հետազոտություններից և գիտաժողովներից մենք գիտենք, որ քրդաբնակ և թուրքաբնակ բնակավայրերում, որտեղ գերակշռում են մուսուլմանները, գտնվում են «մահմեդականացված հայեր»:
Գրքում տեղ գտած հերոսներ Խդր Ասլանփենչեսիի և Կայրե Ասլանփենչեսիի պատմությունը դրա վառ օրինակն է։ Քանի որ Մազգիրտի Դանաբուրան գյուղում ապրում էին մահմեդական թուրք աղաները, այստեղ մնացած հայերը իսլամացվեցին, և Խդր Ասլանփենչեսին իրեն հռչակեց որպես մահմեդական հայ։ Ալևիներն ապրում էին 4-5 կմ բարձրության վրա գտնվող Սորդա եւ Խոզինկիգ գյուղերում։ Այս գյուղերում բնակվողներն էլ ալևի դարձան և Կայրե Ասլանփենչեսին իրեն բնորոշեց որպես ալևի հայ:
Երբ մենք ուսումնասիրում ենք ցեղասպանությունների պատմությունը, տեսնում ենք, որ դրանք հիմնականում իրականացվել են պետությունների կամ այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ Սակայն հայտնի փաստ է, որ հասարակությունները նույնպես ուղղակի կամ անուղղակի ներգրավված են ցեղասպանությունների մեջ։ Սակայն, ոչ մի հասարակություն չի ուզում այս ճշմարտությունն ընդունել։ Յուրաքանչյուր հասարակություն՝ ռասայական, ազգային, կրոնական պատճառաբանություններով իրեն առանձնացնում է մնացած բոլոր ազգերից՝ որպես բարձրակարգ, խաղաղասեր և հումանիստ, այլ ազգերի մեջ տեսնում է այս որակումների հակառակը և նրանց հանդեպ լցվում չարությամբ ու ատելությամբ: Եվ այստեղ՝ վախից, թաքնվելու և պարզապես ապրելու մղումից առաջ է գալիս կրոնը փոխելու պարտավորվածությունը: Այնտեղ, ուր կա բռնություն, չի կարող լինել ինքնակամ կրոնափոխություն կամ հավատափոխություն: Ուստի այս պայմաններում հայերը ոչ թե կամավոր, այլ ստիպված եղան դառնալ ալևի։ Որովհետև նրանց կրոնական առաջնորդներին սպանեցին։ Եկեղեցիներն ու վանքերը այրվեցին և ավերվեցին պետության կողմից։ Մնացած եկեղեցիներն ու վանքերը չպաշտպանվեցին տեղի բնակչության կողմից։ Երբ հիշատակվում են Դերսիմի որոշ շրջանների հայերը, առաջինը մտքիս է գալիս «հայկական ոսկին», որով էլ բացատրվում է այս իրավիճակը։ Իսկ այդ ոսկին գտնելու ու տիրելու համար չքանդված հայկական եկեղեցի, վանք ու գերեզման գրեթե չեն մնացել։ Հայերը կորցրեցին նաև իրենց ունեցվածքը: Ինչպես իրենք են ասում՝ «Մենք դարձել ենք մեր սեփական հողերի բատրակը»: Իհարկե, նման քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային պայմաններում նրանք և ալևի դարձան և մահմեդական։
Այնուամնեայնիվ, այդ ալևիացված կամ իսլամացված հայերը, գաղթելով Կոստանդնուպոլիս կամ Եվրոպա, վերադառնում են իրենց կրոնին:
Նրանցից ոմանք, ովքեր դարձել են ալևի, բայց գիտեն իրենց հայկական արմատները, ընտրել են խաղաղ ապրելու տարբերակը՝ իրենց ալևի ինքնության հետ: Մյուսներն իրենց արմատները բացահայտելուց հետո վերադառնում են հայկական ինքնությանը: Կա՞ն մարդիկ, ովքեր չեն կողմնորոշվում իրենց ինքնության հարցում
Ալևի ինքնություն որդեգրած հայերը հիմնականում գիտեն սեփական էթնիկ ծագումը։ Ասում են՝ եթե նույնիսկ չիմանանք, Դերսիմցի ալևիները տարբեր առիթներով մեզ դա հիշեցնում են։ Այնպես որ, բոլորը իրար ճանաչում են:
Ինքնության այս սահմանումը հաճախ արձագանքների և քննադատության է արժանանում քրիստոնյա հայերի կողմից. «Եթե հայ ես, ուրեմն քրիստոնյա ես, հայն այլ հավատք չունի»: Սրան հակառակ՝ իրենց ինքնությունը պաշտպանողները գիտակցաբար են արձագանքում քննադատությանը. «Հայը ազգություն է, քրիստոնեությունը՝ կրոն։ Ես չեմ կարող ընտրել իմ ազգությունը, բայց կարող եմ ընտրել իմ կրոնը»:
Ալևի հայերի մի զգալի մասն էլ իրեն աթեիստ է համարում, նրանց համար հայկական ինքնությունը կարևոր է, բայց կրոնը ոչինչ չի նշանակում: Սա ինքնության կառուցման ևս մեկ մոտեցում է:
Ի վերջո, կարելի՞ է խոսել մի խմբի մասին՝ որպես ալևիացված հայեր, այնպես, ինչպես իսլամացված հայերի
Իհարկե, կա մի խումբ, որին կարելի է անվանել ալևիացված հայեր։ Իհարկե, նրանք այնքան շատ ու տարածված չեն, որքան իսլամացված հայերը։ Այսօր դժվար է նրանց քանակի մասին խոսել, սակայն կարող ենք ասել, որ որպես փոքր համայնքներ ու ընտանիքներ՝ նրանք շարունակում են ապրել տարբեր վայրերում, հատկապես Դերսիմի շրջանում։
Եթվարդ Դանզիկյան-Քազըմ Գյունդողան
«Ակօս» շաբաթաթերթ