ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է․ «Արցախի՝ Բերձորի ճանապարհով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների վրա: Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները սննդամթերքի և տարրական ծառայությունների պակասից, որոնք անհրաժեշտ են իրենց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար: Մինչդեռ շատ երեխաներ զրկվել են նաև ծնողական խնամքից, քանի որ բաժանվել են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է նախորդ պայմանավորվածություններին համապատասխան Բերձորի ճանապարհով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն ապահովելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը:
Սա չափազանց կարևոր է ապահովելու, որպեսզի Արցախում երեխաները լինեն պաշտպանված, իսկ մարդասիրական կազմակերպությունները կարողանան ապահով և արագ հասնել կարիքի մեջ գտնվողներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է երկխոսության եզրեր փնտրել և համագործակցել բոլոր դերակատարների հետ, որպեսզի հնարավորություն ստանա մուտք գործել՝ աջակցելու այդ տարածքում բնակվող երեխաներին»:
Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերը արցախահայությանը աջակցելու հարցում, միևնույն ժամանակ հիշեցնելով, որ բռնազավթված Արևմտյան Հայաստանում ապրող երեխաների խնդիրները նույնպես պետք է ուշադրության կենտրոնում պահել։