Արևմտյան Հայաստանի մայրաքաղաք Կարինը կարևոր դեր է խաղացել մեր ժողովրդի պատմության մեջ։ Այն Հայաստանի հին քաղաքներից է և տարբեր ժամանակներում կրել է տարբեր անուններ՝ Թեոդոսուպոլիս, Արզրում, Էրզրում և այլն։ Գտնվում է Կարին–Էրզրումի սարահարթի հարավային մասում, Եփրատ գետի ձախ կողմում, ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա։ Արծնի վրա հարձակման ժամանակ՝ 1049 թվականին, սելջուկները համառորեն փորձեր են կատարել գրավել նաև ամուր բերդաքաղաք Կարինը, բայց անհաջողության են մատնվել։ XIII դարի սկզբներին Կարինը ենթարկվում է Զաքարյաններին, սակայն նույն դարի 40-ական թվականներին գրավվում ու ավերվում է մոնղոլների, իսկ XIV դարի վերջերին՝ Լենկթեմուրի հրոսակների կողմից։ Հետագայում՝ XVI—XVIII դարերում այն հիմնականում գտնվում էր թուրքական տիրապետության տակ։ 

Կարինը առաջին հերթին հայտնի է եղել իբրև բերդաքաղաք։ Կարինի և Կարսի բերդերը Արևելքում հռչակված էին իրենց ամրությամբ։ Կարին–Էրզրումով էր անցնում Արևելքն Արևմուտքի հետ կապող մայրուղիներից մեկը:   XIX դարում և XX դարի սկզբներին քաղաքն ուներ մի քանի շուկաներ և 20 իջևանատուն, ինչպես նաև տասնյակների հասնող արհեստներ:

XIX դարի վերջերին և XX–ի սկզբներին Կարինում կային հայկական տարբեր կարգի մի ամբողջ շարք վարժարաններ (չհաշված մասնավոր կրթարանները )։  Դրանցից էին կենտրոնական մայր վարժարանը, Սանասարյան դպրոցը, Մսրյան, Տեր-Ազարյան, թարգմանչաց կրթարանները։  Կարինում գտնվում   էին մի շարք վանքեր ու սրբատեղիներ։

Արևմտյան Հայաստանի մյուս քաղաքների ու հազարավոր գյուղերի հայ բնակչության նման Կարինի հայերը նույնպես ենթարկվեցին ջարդերի։ Թուրք ցեղասպաններն այստեղի հայերի մի մասին ոչնչացրեցին դեռևս Աբդուլ Համիդի ժամանակ, 1895—1896 թվականներին, իսկ մյուս մասը զանգվածային կոտորածի ենթարկվեց 1915 թվականին՝ ցեղասպանության ժամանակ։ Կենդանի մնացածները տարագրվեցին տարբեր երկրներ։ Եղեռնի նախօրեին Կարինում կային մոտ 25 հազար հայեր։ Հաջորդ տարում՝ 1916 թվականին, այդտեղ այլևս հայախոս հայ չէր մնացել։

1920 թվականի ապրիլի Սան Ռեմոյի կոնֆերանսից ի վեր, Կարինը համարվում է Արևմտյան Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն ու ղեկավարության նստավայրը:

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2014/Nakhaqahagan_Hramanaqir_11_Garin-16.02.2014.pdf.pdf