Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արդարադատության միջազգային դատարանի տարածած մամուլի հաղորդագրությունը:
Հայաստանը Հաագայի դատարանին խնդրել է կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները՝ պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ենթադրյալ «ցույցերի» կազմակերպումը և դրանց աջակցությունը, որի հետևանքով արգելափակվել է Բերձորի ճանապարհով անարգել ազատ տեղաշարժը երկու ուղղություններով և պարտավորեցնել Ադրբեջանին ապահովել Բերձորի ճանապարհով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել ազատ տեղաշարժը երկու ուղղություններով:
Արևմտյան Հայաստանը հավելում է, որ ոչ միայն պետք է դատապարտել այդ ճանապարհի միտումնավոր փակումը, այլև Բերձորի բռնազավթումը Ադրբեջանի կողմից, որը հայկական տարածք է, որտեղ դարեր շարունակ ապրել են բնիկ հայեր: Սա հայաթափման մտածված ծրագիր է, որն իրագործվում է թուրք- ադրբեջանական տանդեմի կողմից: