Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր այցելել ենք Գեղարքունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզեր` Ադրբեջանի սանձազերծած 2022թ. սեպտեմբերի 13-14-ի, 2020թ.  44-օրյա պատերազմների ընթացքում զոհված, անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, այդ թվում՝ զոհված կին զինծառայողի ընտանիքին։ Քննարկել ենք մարդկանց խնդիրները, որոնք էլ ավելի են խորացել պատերազմի հետևանքով։

Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ 2022թ. սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով կան զոհված հայ  զինծառայողների մարմիններ, որոնք ՀՀ տարածքի այն հատվածներում են, որտեղ ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը և գտնվում են նրանց վերահսկողության ներքո: Զինծառայողի մարմինը դուրս բերել չի հաջողվում ադրբեջանական կողմի խոչընդոտների պատճառով։ Այս հանգամանքը, բնականաբար, ավելի մեծ ցավ ու տառապանք է պատճառում ընտանիքներին։

Տեղում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման կամ դրանց նպաստելու ուղղությամբ հիմնադրամը քայլեր կձեռնարկի, ըստ անհրաժեշտության տրվել են իրավաբանական խորհրդատվություն և ուղղորդումներ»։

Արևմտյան Հայաստանը տարբեր ամբիոններից բարձր մակարդակով հնչեցնում է այս խնդիրները, որոնք օրհասկան են և պահանջում են համակարգված լուծումներ: