Ըստ  նախնյաց հավատալիքների՝ մեր նախնիները  շարունակում են ապրել  անմահանալով մեր մեջ, և մենք էլ շարունակելու ենք անմահ մնալ մեր սերունդների մեջ։ 

Ի տարբերություն այլ կրոնների ու ուսմունքների, որտեղ մահից հետո պատկերացվում է ինչ- որ երկնային կամ ստորգետնյա կյանք, կամ հոգու տեղափոխում  մի մարմնից մյուսը, Հայկյան ուսմունքում մեր հաջորդ կյանքը համարվում է մեր երեխաների կյանքը, իսկ նախորդը մեր ծնողների կյանքը։ Ինչպես ծաղկից հողի մեջ ընկած սերմն է գարնանը ծիլ տալիս և պահպանում ծաղկի անմահությունը,  այնպես էլ մենք՝ կրելով մեր տոհմական արժեքները ու սովորույթները, պահպանում ենք մեր տոհմի անմահությունը։ Մեր նախնիները մայր մտնելով մեզ են հաղորդում իրենց կյանքի ընթացքում ձեռք բերած փորձն ու իմաստությունը։ Սա միմյանց նկատմամբ պատասխանատվության զգացումի  յուրահատուկ մի շղթա է։ Այսինքն մարդը իր կյանքի ընթացքում ոչ թե ապրում է վախերով, որ եթե մահանամ իմ այս կամ այն արարքի համար դժոխք կընկնեմ, այլ բարձրացնում է մարդու պատասխանատվության զգացումը, և մարդը սիրելով իր երեխաներն, սկսում է սիրել նաև ինքն իրեն, ձգտելով ինքնակատարելագործման, որպեսզի որպեսզի իր «հաջորդ կյանքում» ավելի ուժեղ և ավելի կատարյալ լինի։

Մահը չար չէ և մեր կյանքի կարևոր մասնիկներից է, կյանքի լավագույն խորհրդատուն է, եթե գիտակից գտնվենք մահվան նկատմամբ, ապա կապրենք իմաստալից կյանքով…

Քաջիկ Ստեփանյան։