Երևանում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում 1968 թվականին կառուցված Հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրը։ Թեև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր նշանակությամբ ամենակարևոր վայրն է, սակայն քչերը գիտեն, որ Հայաստանում առաջին անգամ Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանը կառուցվել է ավելի վաղ՝ 1965 թ-ին։ 1965 թվականին լրանում էր Հայերի ցեղասպանության 50-րդ տարելիցը, և այն շարունակում էր արգելված թեմա լինել Խորհրդային Հայաստանում, քանի որ Խորհրդային Միությունը այս կերպ փորձում էր չփչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սակայն 1965 թվականի ապրիլի 24-ը բեկումնային եղավ, քանի որ հայ հասարակությունն այլևս չէր հանդուրժում լռությունն ու արգելքն իր ցավոտ անցյալի հիշատակի նկատմամբ և ԽՍՀՄ-ում բարձրացավ ընդվզումի առաջին խոշոր ալիքը։ Բազմահազարանոց ցույցերի արդյունքում խորհրդային իշանությունը թույլատրեց, որպեսզի Մայր Աթոռը Սուրբ պատարագ մատուցի և հոգեհանգստյան պաշտոն կատարի ի հիշատակ Մեծ Եղեռնի 50-րդ տարելիցին։Ահա այս ժամանակ էլ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ Էջմիածնի Մայր տաճարի կողքին կանգնեցվում է Արեւմտեան Հայասանի Հայերի ցեղասպանությանը նվիրված առաջին կոթողը։ Կոթողի հեղինակը նշանավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է, հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1965 թ-ի հոկտեմբերի 31-ին։