Տրապիզոնի ենթակայության տակ գտնվող Համշենի ինքնավար շրջանը 1484 թվականին կորցրեց իր իրավասությունը և անցավ Օսմանյան տիրապետության տակ։Oսմանյան  պետական գրանցումներից պարզ է դառնում, որ շրջանի գրեթե բոլոր բնակիչները քրիստոնյա էին: 1600-ական թվականներից հետո տարածաշրջանում սկսվեց իսլամացումը։ 1690-1700-ական թվականներին մի խումբ համշենցի հայեր, ովքեր հրաժարվեցին մահմեդականացվելուց, գաղթեցին Արաքլի Քարադերեի շրջան։ Նշված ժամանակաշրջանում Համշենի գրեթե ողջ բնակչությունը  մահմեդականացվել է։ Սակայն ոչ բոլոր համշենցիներն են մահմեդական։ Քրիստոնյա համշենցիները հաստատվեցին Տրապիզոն, Օրդու, Ունիե, Չարշամբա, Բաֆրա, Սինոպ և Ադափազար գավառների գյուղերում և քաղաքներում։ 

Հետագա տարիներին  քրիստոնյա բնակչության զգալի մասը գաղթել է Սև ծովի հանդիպակաց ափեր՝ Ղրիմ, Սոչի, Աբխազիա։ Ծննդավայրում մնացածներից ոմանք սպանվեցին 1915 թվականին, ոմանք էլ աքսորվեցին կամ գաղթեցին Կոստանդնուպոլիս։

Քրիստոնյա համշենահայերի տեսանկյունից համշենցի լինելը նույն նշանակությունն ուներ, ինչ սեբաստացի, սամսունցի կամ էլ սասունցի լինելը, որը առանձին ինքնություն չէր։ Մահմեդական համշենցիներն առաջին պլան են մղել իրենց համշենյան ինքնությունը, որպեսզի տարբերվեն հայկական ինքնությունից, որը նույնականացված է քրիստոնեության հետ։ Բայց միևնույն ժամանակ  դրանով ընդգծում են իրենց տարբերությունը տարածաշրջանի այլ ազգային ինքնությունների հետ (լազ, հույն, վրացի): Այսպիսով, Համշենը դադարեց տեղանուն լինելուց և ավելի շատ ինքնության անուն դարձավ։

Միգուցե սա է պատճառը, որ Արդվինում շուրջ 250 տարի ապրող մարդիկ մինչ օրս իրենց Համշենցի են անվանում։