Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղում վերանորոգումից հետո վերաօծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղում այս իրադարձությունը մեծ շուքով նշվեց, քանի որ այս օրվան գյուղացիները սպասել էին մեկուկես տարի՝ յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում իր ներդրումը կատարելով եկեղեցու վերանորոգման գործում։

Եկեղեցու վերանորոգումն ու վերաօծումը Կարտիկամ գյուղի մի քանի բնակիչների նախաձեռնությունն է եղել, որին միացել են գյուղի բոլոր բնակիչները։

«Յուրաքանչյուր բնակիչ գումար է ներդրել վերանորոգման համար, որքան կարողացել է: Մենք մեկուկես տարի աշխատել ենք այդ նախաձեռնության իրագործման համար, իսկ այսօր նշում ենք այս իրադարձությունը»,- ասաց Սակրեբուլոյի պատգամավոր Գենադի Էլիզբարյանը։

Վերաբացումից և վերաօծումից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ համերգ՝ տեղական երկու պարախմբերի և Հայաստանից հրավիրված արտիստների մասնակցությամբ։  

Ախալքալաքում ապրող քրիստոնյա բնիկ հայերի համար սա մեծ իրադարձություն է, որի առթիվ Արևմտյան Հայաստանը շնորհավորում է նրանց։