Բերձորի ճանապարհի արգելափակումը պատերազմի առաջին արարն է արցախահայության դեմ:
Այս մասին հայտնել է ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մինչև -10° ջերմաստիճանի պայմաններում ադրբեջանցի պսևդոակտիվիստ բնապահպանները մեկնել են Բաքվում տաքանալու։ Նրանց տեղում զինվորներ են: Դիմակներն ընկել են. Բերձորի ճանապարհի արգելափակումը իսկապես պատերազմի առաջին արարն է Արցախի հայության դեմ», — գրել է Բյուսոնը՝ գրառմանը կցելով նաև լուսանկարներ:
Արցախը Գորիսի Տարածաշրջանին և ամբողջ աշխարհին կապող Բերձորի ճանապարհը դեկտեմբերի 12-ից փակ է իբրև «բնապահպանական ակտիվիստներ» ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից։ Ադրբեջանն անտեսել է ճանապարհը բացելու աշխարհի տարբեր երկրների և կազմակերպությունների կոչերը։
Արևմտյան Հայաստանը խստիվ դատապարտում է բռնազավթիչ և ագրեսոր Ադրբեջանի գործողությունները, որոնք ուղեկցվում են մարդասիրական նորմերի կոպիտ խախտումներով։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում Արցախում ապրող մեր բնիկ հայրենակիցներին ուժեղ մնալ, քանի որ Արցախը կա՛ և մնալու է Հայաստան պետության մի մասը։