Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը և տեր լինելով հարուստ պատմամշակութային ավանդույթների՝ հայերը դեռևս հնագույն ժամանակներում ստեղծել են երգ և երաժշտություն։

Երևանում կատարված պեղումներից հայտնաբերված ամենահին գործիքները բրոնզե զանգակներն ու բոժոժներն են, որոնք տարածված են եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում և գործածվել են ծիսակատարությունների, ռազմական երթերի ժամանակ։

Հին Երևանում երաժշտության միակ ներկայացուցիչները զուռնաչիներն ու աշուղներն էին։ 19-րդ դարի առաջին քառորդում Երևանում զուռնաչիների թիվը հասել է 12-ի։ Ուսուցչական սեմինարիայում, Գայանյան օրիորդաց ուսումնարանում և Հռիփսիմյան գիմնազիայում աշակերտական երգչախմբեր կային։ Այգիներում կային նվագախմբեր, կազմակերպում էին նաև պարահանդես-համերգներ։ Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան երաժշտական կյանքի խոշոր իրադարձություններից էր։ 

Երաժշտական կյանքի կարևոր իրադարձություններից էր նաև Կոմիտասի երգչախմբի համերգը։ Երգչախումբը Թիֆլիսում հաջող համերգից հետո, 1906թ. ժամանում է Երևան։ Համերգը կայացել է Ջանփոլադյանի թատրոնում։ Դա հայկական ժողովրդական երաժշտության մեծ հաղթարշավն էր։ Համերգին նախորդել է Կոմիտասի հակիրճ ու բովանդակալից դասախոսությունը հայկական երաժշտության հարստության և առանձնահատկությունների մասին։ Համերգն ավարտվել է դարձյալ Կոմիտասով։ Այս անգամ՝ նրա նվագով ու երգով։

1921թ. Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ հիմնվեց երաժշտական ստուդիան, որը 1923թ. վերակազմավորվել է կոնսերվատորիայի։