Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեցին Արցախի օպերատիվ շտաբից:

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Արցախը Սյունիքի մարզից սնուցող միակ բարձրավոլտ գծի  Գորիս-Ստեփանակերտ 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ, որոնց մասին պարբերաբար կարելի է տեղեկանալ «Արցախէներգո» ՓԲԸ կայքից:Արևմտյան Հայաստանը նշում է, որ այս հումանիտար ճգնաժամի պատճառը նաև այն է, որ բռնազավթիչ Ադրբեջանը խախտելով Հայաստան պետության տարածքային ամբողջականությունը բռնակցված է պահում Բերձորը և Աղավնոն, որտեղով էլ անցնում է վնասված հոսանքալարը։ Երեւանի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն այս խնդիրը լուծելու և Ադրբեջանին սաստելու համար, քանի որ եթե այսպես շարունակվի, այդ պետությունը պատուհաս է դառնալու նաև  մեր հարևան երկրների համար։