Կարպետագործությունը Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի հնագույն ու սիրված արհեստներից է: Այն իր ուրույն տեղն է գրավել մշակույթի համընդհանուր գանձարանում: Այդ գեղջկական պարզ գործվածքը մատչելի էր սոցիալական բոլոր խավերի համար:

Կարպետ գործել են և՛ մեծերը, և՛ փոքրերը: Գյուղերում աղջիկները դեռ վաղ հասակից նստել են տորքի առջև և  յուրաքանչյուրը  գործել է իր օժիտի համար: Կարպետը մեծ տեղ է գրավել հայ ժողովրդի կենցաղում: Այն զարդարել է բնակարաններն ու եկեղեցիները, ցրտից պաշտպանել է մարդկանց և գործածվել որպես հանդերձանք: Կարպետները ծառայել են տարբեր նպատակների և ունեցել են տարբեր անուններ: 

Զարդանկարային ու գունային լուծումները պահպանվել են դարերի ընթացքում: Կարպետի և գորգի զարդանկարներն իրենց բովանդակությամբ առանչվում են հայկական կիրառական արվետի այլ ճյուղերի հետ: Կարպետագործության տեխնիկային ավելի բնորոշ է երկրաչափական զարդանախշը: Ամենապարզ ու տարածված զարդանախշը եռանկյունն է: