Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է միջազգային հանրության առջև ստել Բերձորի միջանցքի՝ արդեն մեկ ամիս շարունակվող արգելափակման վերաբերյալ։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի՝ օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցում արած հայտարարություններին։

«Կա հստակ ապացույց, որ այս ամենը մարդասիրական ճգնաժամ է առաջացնում Արցախում՝ արգելափակելով քաղաքացիական անձանց սննդամթերքի և դեղորայքի կենսական մատակարարումների իրականացումը: Անհանգստացնող է, որ Ալիևը ողջունում է «ազատ խոսքը» միայն այն ժամանակ, երբ այն օգտագործվում է հայերի կյանքին սպառնալու համար»,- նշել է Փալոնը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի  իր գործընկերների հետ աշխատանքներ է իրականացրել՝ դրդելու ԱՄՆ պետդեպին ու համաշխարհային առաջնորդներին լուրջ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու մարդածին այս աղետը։

«Առաջիկա օրերին 120 հազար անմեղ կյանք կարող է սպառնալիքի տակ հայտնվել։ Մենք չենք կարող անմասն մնալով հետևել, թե ինչպես է մեր աչքի առաջ իրական աղետ ծավալվում։ Կարողություններիս սահմանում անելու եմ ամեն բան, որպեսզի ԱՄՆ-ն օգտագործի ցանկացած հնարավոր դիվանագիտական գործիք՝ վերջ տալու այս դաժան շրջափակմանը»,- հայտնել է Փալոնը։