Արևմտյան Հայաստանի Վաղարշավան քաղաքը գտնվում էր Արաքսի և նրա ձախակողմյան վտակ Մուրցի գետախառնուրդում, այժմյան Քյոփրիքյոյ գյուղի տեղում, ջրառատ ու գեղատեսիլ վայրում։ Թուրքերն Արևմտյան Հայաստանի հնագույն մի քանի բերդերի նման (Վանի բերդ, Ալաշկերտի բերդ և այլն) Վաղարշավանը նույնպես կոչում են Թոփրախկալա («հողե բերդ»)։ Վարչական առումով մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Բասեն գավառի մեջ։

Վաղարշավանը մարդաշատ քաղաք չի եղել։ Արշակունիների թագավորության ժամանակներում հիմնադրված այդ քաղաքը երկար ժամանակ հիշատակվում է իբրև սովորական ավան։

Վաղարշավանի ծաղկուն շրջանը Բագրատունիների թագավորության ժամանակներն էին։ Գտնվելով Արևելքն Արևմուտքի հետ միացնող Հայաստանի հյուսիսային քարավանային մեծ ճանապարհի վրա՝ Վաղարշավանը X — XI դարերում դարձել էր տնտեսական կյանքի աշխույժ կենտրոն։ XI դարում՝ 1048 — 49թթ. սելջուկ թուրքերն իրենց ավարառուական առաջին արշավանքների ժամանակ, ի թիվս Հայաստանի մյուս բազմաթիվ բնակավայրերի ու գավառների, գրավել և ավերել են նաև Վաղարշավանը։  Դրանից հետո Վաղարշավանն առանձին զարգացում չի ունենում, իսկ թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում հետադիմելով՝ վերածվել է անշուք գյուղի՝ Քյոփրիքյոյ անունով։

Վաղեմի Վաղարշավանի հուշարձանների պսակը կազմում է Հովվի կամուրջը, որը գտնվում է Արաքսի վրա։ Հավանաբար կառուցվել է IV դարում և կանգուն ու բանուկ է մինչև օրս։ Քարակերտ է, ունի 7 կամար և համարվում է Արաքսի պատմական ամենակարևոր կամուրջներից մեկը։