«Ադանայի քաղաքական ժողովի ատենագրություն» գրքի լույս ընծայմամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն ու Մատենադարանը սկիզբ են դնում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմերին վերաբերող գործերի բնագրերի պատրաստմանն ու հրատարակությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին հատորի շնորհանդեսը տեղի ունեցավ հունվարի 12-ին Մատենադարանում:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքով՝ արխիվային փաստաթղթերը և վավերագրերը էլ ավելի մեծ նշանակություն են ստանում հատկապես այն տարածաշրջաններում, որոնք հայաթափված են, իսկ այս գիրքն անդրադառնում է 20-րդ դարի սկզբի Ադանայի հայության ներքին կյանքին:
Պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի աշխատակից Արմեն Մալխասյանն էլ ասաց, որ աշխատությունն ընդգրկում է 1905 թվականի մարտի 2-ից մինչև 1915 թվականի ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածի արձանագրությունները, որոնք Ադանայի Հայոց թեմի առաջնորդության ներքո ապրող բնակչության ազգային կյանքն արտացոլող ու ադանահայության ժողովրդավարության մակարդակի մասին վկայող բացառիկ փաստագրերից են: Այն պարունակում է նաև կրոնական ժողովի և տնտեսական խորհրդի համատեղ խառը նիստերի արձանագրություններ: