Արցախի շրջափակումն ավերիչ հետևանքներ ունի արդեն իսկ խոցելի տարածաշրջանի համար, որը դեռ վերականգնվում է 2020 թվականի ադրբեջանական հարձակման հետցնցումներից: Չնայած պնդումներին, որ շրջափակումն իրականացվում է իբրև «էկոցուցարարների» կողմից, ինչպես երևում է, վերջնական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանում Ալիևի վարչակարգը: Ավելին, ռուսական ուժերը, որոնց վստահված է խաղաղության պահպանումը, հստակորեն ձախողել են իրենց պարտականությունները: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում գրել են ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Ջեք Ռիդը:

Նամակում սենատորները ներկայացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրությունները Բերձորի ճանապարհի շրջափակման նպատակների և հետևանքների մասին: Նշվում է, որ Արցախում կա սննդամթերքի պակաս, ինչը լուրջ մտահոգության առիթ է:

«Միացյալ Նահանգները չի կարող մի կողմ կանգնել, մինչ Ալիևի ռեժիմն անզգամաբար սպառնում է Արցախի բնիկ քաղաքացիների կյանքին, և պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին՝ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունից քաղաքացիական բնակչությանը զրկելու համար», — գրված է նամակում:

Արևմտյան Հայաստանը հետևում է տարվող աշխատանքներին և հիշեցնոմ՝ որ Միացյալ Նահանգները Մինսկի խմբի համանախագահող երկիր է և մեծ պատասախանատվություն ունի այս հարցի արդարացի կարգավորման գործում։