Արևմտյան Հայաստանի Խարբերդ բնակավայրը հիշատակվում է նաև Քարբերդ, Քարփութ անուններով։  Խարբերդը Տարբեր ժամանակներում հիշատակվում է իբրև ամրոց, բերդաքաղաք, քաղաք։ Գտնվում է Արածանիի ստորին հոսանքի ձախ կողմում, Մալաթիայից մոտ 70 կմ հյուսիս արևելք։ Հնում Խարբերդը մտնում էր Մեծ Հայքի Անձիտ գավառի մեջ։ Նոր ժամանակներում համանուն նահանգի և գավառի կենտրոնն է։ 

Խարբերդի բնակչության թվի վերաբերյալ ստույգ տվյալներ չկան։ Այդ է պատճառը, որ տարբեր հեղինակների մոտ նրա ընդհանուր բնակչության և հայերի քանակի վերաբերյալ տրված են հակասական թվեր։

1895թ. թուրքերը կողոպտել ու ավերել են Խարբերդի հայկական թաղերը, քանդել այստեղի երկու եկեղեցիները, ուսումնարանները, կոտորել ավելի քան 700 մարդու, որոնց թվում էին տանջամահ արված մի շարք հոգևորականներ, բռնությամբ մահմեդականացրել ավելի քան 1000 հայերի (200 տուն):

Խարբերդի հայերի գաղթը դեպի Կովկաս մասնակիորեն սկսվել էր տակավին XIX դարի 50-ական թվականներից։ Սակայն զանգվածային արտագաղթն ու բռնի տեղահանությունը տեղի է ունեցել 1915 թ. մեծ եղեռնի օրերին։ Քաղաքում մնացել էր միայն 2000 հայ բնակիչ, իսկ քսաներորդ դարի 60–ական թվականներին՝ 1000 հայ։