Հայ համայնքի անդամները 2023 թվականի հունվարի 12-ին Ռոժավայի Հասեկե քաղաքում կազմակերպել են երթ Արցախի շրջափակման դեմ։ Դատապարտելով Արցախի շրջափակումը,  նրանք հանդես են եկել «Ո՛չ Արցախի օկուպացմանը, մենք բոլորս Արցախ ենք» կարգախոսով։

Դեր Զորի և Քամիշլիի հայկական միություններից բացի, երթին մասնակցում էին Նահատակ Նուբար Օզանյան գումարտակի մարտիկները և Հայ կանանց միության անդամները։ Երթի ընթացքում ելույթ ունեցան Քամիշլիի Հայկական միության համանախագահ Գոհար Խաչատուրյանը, Հասեկեի Հայկական  միության համանախագահ Իմաթ Թաթարյանը և Ռոժավայի Հայկական  միության համանախագահ Արև Քասաբյանը։

Գոհար Խաչատուրյանն իր ելույթում ասաց. «Թուրքական պետությունը ցանկանում է շարունակել 108 տարի առաջ իրագործած ցեղասպանությունը։ Աշխարհի բոլոր երեխաները Սուրբ Ծնունդը նշեցին գեղեցիկ հագուստով և լավ ուտելիքով, իսկ Արցախում երեխաները չկարողացան դա անել։ Մենք շարունակելու ենք պայքարել Արցախի շրջափակման և բռնազավթման դեմ»։

Հասեկեի Հայկական  միության համանախագահ Իմաթ Թաթարյանն իր ելույթում այսպես ասաց. «Ադրբեջանական պետությունը ցանկանում է Թուրքիայի աջակցությամբ Արցախում հայերի հանդեպ ջարդ իրականացնել։ Մենք՝ Ռոժավայում ապրող հայերս, չենք ընդունում Արցախում տեղի ունեցող վեղասպանությունը, մենք բոլորս Արցախ ենք»։

Ռոժավայի Հայկական  միության համանախագահ Արև Քասաբյանն իր ելույթուն նշեց․ «Այսօր մենք հավաքվել ենք, որպեսզի  դատապարտենք Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը։ Արցախը շրջափակման մեջ է, միջազգային կազմակերպությունները և աշխարհի բոլոր երկրները լռում են այս իրավիճակի առջև։ Ցեղասպանության 108-ամյա ծրագիրն այսօր շարունակվում է»։