Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի օրակարգում ներառվել է հրատապ բանավեճ-քննարկում « Արցախում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրոպական խորհրդարանի կայքէջից։ Եվրոպական միության գործադիր մարմինների հետ նախատեսվող բանավեճում Եվրոպական խորհրդարանի անդամները հանդես կգան ելույթներով և կքվեարկեն նույն թեմայով մինչ այդ մշակվելիք հրատապ բանաձևի ընդունման հարցով:

Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի մի շարք անդամների կողմից արդեն իսկ եղել են տարբեր արձագանքներ, այդ թվում՝ ԵՄ գործադիր մարմիններին ուղղված նամակների ու պատգամավորական հարցերի տեսքով: