Հունվարի 13-ին լրացավ Բաքվում հայերի ցեղասպանության 33-րդ տարելիցը: Այս կապակցությամբ Ադրբեջանում ապրած հայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը Lragir.am-ին տված հարցազրույցում՝ քանի՞ անձ է բռնագաղթել Ադրբեջանից և ի՞նչ գույքային վնասներ են հաշվարկվել հարցին մասնավորապես այսպես է պատասխանել.  «Պաշտոնական թվերով՝ ջարդերի հետևանքով Ադրբեջանից բռնագաղթել է մոտ 500 հազար մարդ։ Բայց ոչ պաշտոնական թիվն ավելի շատ է․ միայն Բաքվից է 500 հազար մարդ բռնագաղթել։ Իսկ պաշտոնական թվերով՝ Բաքվից բռնագաղթել է 250 հազար մարդ։ Միայն Բաքվից բռնագաղթած անձանց Ադրբեջանը պետք է փոխհատուցի մոտ 100 մլրդ դոլար։ Եթե Ալիևը հիմա ասում է արցախցիներին՝ կբացենք ճանապարհը, ով իրեն չի համարում Ադրբեջանի քաղաքացի, կարող է դուրս գալ Արցախից, թող առաջին հերթին հիշի Բաքվի հայ բնակիչների ճակատագրի մասին։ Երբ ինքը խոսում է Սյունիքի մասին, արդյոք պատրա՞ստ է փոխհատուցել կամ ընդունել այդ մարդկանց Բաքվում»։ 

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում նման նախաձեռնությունը, որը զսպող մեխանիզմ է Ադրբեջանի համար և հավելում, որ Բաքվում և հարակից քաղաքներում հայերը ենթարկվել են ունեզրկման և ցեղասպանության: Այնուհետև Ադրբեջանը «ազատվելով» հայերից՝ իրագործել է մշակութային ցեղասպանություն՝ հայաբնակ տարբեր շրջաններում: