Արևմտյան Հայաստանի Կամախ գյուղաքաղաքը հնում ամրոց էր Անի անունով, հիշատակվում է նաև իբրև բերդ, բերդաքաղաք։ Ոմանք Անի այդ անունը ծագած են համարում Անահիտ աստվածուհու անունից, որի պաշտամունքն լայն տարածում ուներ հին շրջանի Հայաստանում։

XII-XIII դարերից այլևս Անի ամրոցը չի հիշատակվում և վերանվանվում է Կամախ, որը կոչվել է նաև Անի-Կամախ՝ մայրաքաղաք Անիից տարբերելու համար։ Կամախ անվան ծագման և իմաստավորման մասին նույնպես գոյություն ունեն տարբեր վարկածներ։ Կամախը գտնվում է Արևմտյան Եփրատի ձախ ափին, Երզնկա քաղաքից 42-44 կմ հարավ-արևմուտք, լեռան վրա։ 

Մ. թ. ա.  IV-I դարերում  Անի-Կամախը Փոքր Հայքի կենտրոնն էր և Մեծ Հայքին էր միացվել Տիգրան Բ–ի օրոք, մ. թ. ա. 66 թվականին։ Հետագայում այն Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառի գլխավոր բերդն ու կենտրոնն էր։ 

Անի-Կամախը մեր ժողովրդի պատմության մեջ նախ և առաջ հայտնի էր իբրև Արտաշեսյան ու Արշակունի թագավորների հայտնի ամրոցներից մեկը։ Այստեղ էր պահվում նրանց արքունական գանձերի մի մասը։ Անի–Կամախում էր գտնվում նաև Արշակունի թագավորների գերեզմանոցը։ Անի–Կամախի գանձարանը կողոպտվել է 369 թվականին, Շապուհ 2-րդի գլխավորությամբ Հայաստան արշաված պարսկական զորքերի կողմից։ XIX-XX դարերում Կամախը սովորական գավառական բնակավայր էր, 1872—1873 թթ. ուներ 2000 հայ և թուրք բնակիչ, XX դարի սկզբին նրա բնակչության թիվը հասնում էր 15000 մարդու, որի մոտավորապես կեսը կազմում էին հայերը։ 

1915 թ․ մեծ եղեռնից հետո այլևս հայեր չէին մնացել, միայն 2-3 տարի անց ընդամենը 100 կամախցի հայ տարագիրներ նորից են վերահաստատվել իրենց հայրենի քաղաքում։