Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքը հիշատակվում է նաև Ակին տարբերակով։ Թուրքերն աղավաղելով կոչել են Էգին, իսկ այժմ՝ վերանվանել Քեմալիե։ 

Ակնը գտնվում է Արևմտյան Եփրատի ափին, Տավրոսյան և Անտիտավրոսյան լեռնաշղթաների միջև, Երզնկայից Խարբերդ տանող ճանապարհին։ Բարձրությունը ծովի մակարդակից ավելի քան 1000 մետր է։ Ցածրում, գետի ափին, հաջողությամբ աճում է խաղողը։ Քաղաքն ունի հորդառատ բազմաթիվ աղբյուրներ և մաքուր օդ։ Քաղաքի մեջ մի քարաժայռի տակից բխում է սառնորակ, բարեհամ աղբյուր, որ հայտնի է Ակն կամ Ակնծով անունով։ Գետակ կազմող այդ աղբյուրը միանալով Խնկաձոր կոչված առվին՝ թափվում է Եփրատի մեջ։ Քաղաքի թաղերի միջև և շրջակայքում տարածվում են բազմաթիվ այգիներ ու պարտեզներ, որոնք մի առանձին հմայք են տալիս Ակնին: Քաղաքի շրջակայքում կան պղնձի հանքեր, որոնք մշակվել են հին ժամանակներից։

Ակնի եկեղեցական թեմն ունեցել է հայտնի առաջնորդներ, որոնցից նշանավոր է Գարեգին Սրվանձտյանը։

XIX դարի սկզբին քաղաքն ունեցել է շուրջ 10000 բնակիչ, որից մոտ 5500-ը՝ հայեր,     XIX դարի վերջերին նրա բնակչությունը հասնում էր 20 հազար մարդու, որի կեսը հայեր էին: 

1896թ. փետրվարի 3–ին թուրք հրոսակները հարձակվում են Ակն քաղաքի, իսկ քրդերը՝ նրա շրջակայքի հայկական գյուղերի վրա՝ կոտորելով բնակիչներին և կողոպտելով ու հրդեհելով տները։ Արևմտյան Հայաստանի մյուս տասնյակ քաղաքների և հարյուրավոր գյուղերի հետ միասին Ակնը նույնպես ենթարկվում է 1915 թվականի մեծ աղետին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո 400-ի հասնող տարագրված ակնեցի հայեր նորից են վերահաստատվում իրենց հայրենի քաղաքում, սակայն թուրքական նոր բռնությունների հետևանքով դրանց զգալի մասը լքում է Ակնը և դիմում արտագաղթի։